Երբ խոսում ենք վերջի մասին՝ եկեք մտածենք, թե ինչ նկատի ունենք. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը:

PБK հեռուստաընկերություն - Ի՞նչ եք կարծում, եկե՞լ է ժամանակը, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրի այս իրավիճակում: Ձեր կարծիքով, Ռուսաստանն ունի՞ դա անելու օրինական հնարավորություն:

-Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ, երկրի գլուխը: Բայց եկեք կրկին Ձեզ պատասխանեմ որպես դիվանագետ: Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական աջակցության մասին հարցը կարգավորվում է մեր պայմանագրերով: Այդ պայմանագիրը դրված է սեղանին, և հստակ պատասխան է եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից: Եթե պայմանագրի պայմաններն ակնհայտ լինեն, համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը և նրա ղեկավարությունը՝ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ, կկատարեն իրենց պարտականությունները:

Սակայն, կա՞ն նախադրյալներ, այսօրվա իրավիճակը համապատասխանո՞ւմ է, որ այդ պայմանագիրը պետք է սկսի գործել... Այս հարցը թողնում եմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին։

PБK հեռուստաընկերություն - Երբ երեք անգամ խախտվեց հրադադարի ռեժիմը, ինչպիսի՞ն են հակամարտության ավարտի հնարավորությունները: Երեկ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը պարոն Ալիևը հայտարարել է, որ բանակցությունների միջոցով պետք է ապահովի Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը Ղարաբաղից կարճ ժամկետում, հակառակ դեպքում Բաքուն մինչև վերջ կգնա, այսինքն, ոչ մի այլ բանակցություններ Բաքուն չի դիտարկում՝ կամ զորքի դուրս բերում, կամ պատերազմ մինչև վերջ:

- Երրորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ ուրիշ երկրի նախագահի խոսքերը չեմ մեկնաբանելու:

Ինչ վերաբերում է «մինչև վերջ»-ին, եկեք պատասխանեմ մի փոքր այլ կերպ: Առաջին հերթին այդ արտահայտությունն ադրբեջանցիների կողմից առաջին անգամ չի հնչում: Այն առաջին անգամ չի հնչում այսօր, վերջին երկու ամիսներին, ամբողջ պատմության ընթացքում: Ես դա լսել եմ 1990-ականների սկզբին: Այդ ժամանակ առաջին ղարաբաղյան պատերազմը տևեց մի քանի տարի: Այդ ժամանակ էլ հայերը փոքրամասնություն էին կազմում, փոքր երկիր էր, չկար այնպիսի երկրի աջակցություն, ինչպիսին Թուրքիան էր, Ադրբեջանը շատ ավելի մեծ ռազմական բազա ուներ, և բոլորն ասում էին, որ Ղարաբաղը չի կարող հաղթել այդ պատերազմը, և իզուր է այդ պատերազմն ընթանում: Ղարաբաղցիները շատ համառ են: Նրանք պետք է, որ լավատես լինեին, երբ կառուցում էին հիվանդանոցներ, դպրոցներ այն դեպքում, երբ պատերազմի և խաղաղության հարցը լուծված չէր: Նրանք իսկապես պայքարել են մինչև վերջ: Արդյունքում՝ այդ պատերազմն ավարտվեց զինադադարով, որը ստորագրվեց 1994 թվականին, Բիշքեկում, միջնորդը Ռուսաստանն ու ԱՊՀ-ն էին և, անշուշտ, Ղըրղըզստանը: Այն ստորագրել են Ադրբեջանը, Ղարաբաղը և Հայաստանը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ղարաբաղցի պատերազմում կռվելու է մինչև վերջ, մինչև իր կյանքի վերջը, մինչև վերջին փամփուշտը:

Երբ խոսում ենք վերջի մասին՝ եկեք մտածենք, թե ինչ նկատի ունենք: Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմի, ռազմական գործողությունների միջոցով վերջնական լուծումներ չեն լինում: Ի վերջո, մարդիկ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվեն: Եթե դա չպատահի, ապա պատերազմը կշարունակվի եթե ոչ այս, ապա այլ ձևաչափով: Հայրենական մեծ պատերազմը, որում մենք բոլորս կորցրել ենք միլիոնավոր մեր հայրենակիցների, հաղթել ենք, 1945 թվականին: Խորհրդային զորքերը մնացին Գերմանիայում, Գերմանիան բաժանված էր երկու մասի, սակայն 1980-ականների վերջին 1990-ականների սկզբին խորհրդային բանակը դուրս եկավ Գերմանիայից, և Գերմանիան վերամիավորվեց: Ցանկացած հակամարտություն վերջնական չի լուծվում, որովհետև եթե նույնիսկ Ղարաբաղում լինի այդ էթնիկ զտումը, կարծու՞մ եք, դա կնշանակի, որ պատերազմը կավարտվի՞: Ոչ: Կգտնվեն այլ ձևեր:

Կարող եմ բերել Հայոց ցեղասպանության օրինակը: 105 տարի առաջ Թուրքիան նույնն է արել, պատճառաբանելով հայերը Ռուսաստանի եղբայրներն են, նրանք կկռվեն Ռուսաստանի կողմից, հայերը քրիստոնյա են, և սկսեց էթնիկ զտում իրականացվել, ցեղասպանություն, 1,5 միլիոն մարդ զոհվեց, ձևավորվեց հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում: Այդ հողերն իրենց վերահսկողության տակ առան: Սակայն իր երկրի, պատմության համար պայքարը չի ավարտվել: Տեսեք, թե այս 105 տարիների ընթացքում ինչքան սերունդներ են անցել: Ռուսաստանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում ծնվեցին հայեր, որոնց պապերը և նախնիները ցեղասպանության վկաներ են եղել: Այդ մարդիկ մինչև հիմա հիշում և պայքարում են: Այդ պայքարի առաջին փուլը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Այսինքն՝ հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Կա միայն մեկ ճանապարհ՝ խաղաղ բանակցությունները: Այդ ժամանակ կկարողանանք ասել, որ պատերազմն ավարտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը և Ադրբեջանը կարող են հանգիստ ապրել երկար ժամանակ, եթե նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ մնացածը տանում է ոչնչացման, ավերածությունների: Ադրբեջանական կողմը խոսում է Ղարաբաղի ազատագրման մասին: Ազատագրում ումի՞ց: Հայերի՞ց, որոնք այնտեղ բնիկներ են: Իսկ ինչպե՞ս են ազատագրվում այդ շրջանները: Ենթադրենք, ազատագրել են ինչ-որ մի գյուղ: Իսկ ի՞նչ կա այնտեղ: Ավերվում է դպրոցը, հիվանդանոցը, ամեն ինչ, այրվում է ամեն ինչ, ավերվում է այն ամենն, ինչ կառուցվել է, այդ թվում՝ եկեղեցիները... Տեսեք՝ երկու տարբեր մոտեցում. Շուշիում 1920-ին կար մոտ 6000 բնակչություն, որի բացարձակ մեծամասնությունը հայեր էին: Այն Կովկասում երկրորդ քաղաքն էր՝ Թբիլիսիից հետո: Առաջին պատերազմից հետո հայերը Շուշիում շատ կառույցներ են վերակառուցել՝ դպրոցներ, եկեղեցիներ: Վերակառուցել են Շուշիում գտնվող մզկիթը: Ես վկա եմ, եղել եմ այնտեղ: Այն վերակառուցել են հայերը՝ տեղացի ղեկավարների, սփյուռքի և նրանց ոչ քրիստոնյան բարեկամների միջոցներով ու ջանքերով: Հիանալի են վերակառուցել: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում առաջին բանը, որ ադրբեջանցիները ռմբակոծեցին, քրիստոնյա եկեղեցին էր, որը այդ մզկիթից 300 մետր հեռավորության վրա է: Այդ ժամանակ եկեղեցում կային տարեցներ, կանայք, երեխաներ: Դա արել են ոչ թե մեկ անգամ պատահաբար, այլ երկու անգամ: Ահա երկու տարբեր մոտեցում:

Կա միայն մեկ լուծում: Այս վերքը հնարավոր չէ բուժել ավերածությունների միջոցով: Հնարավոր է լուծել հարաբերությունների կառուցման միջոցով: Բանակցությունները գիտական պրոցես չեն, երբ հավաքվում ես, որպեսզի խնդրի լուծում գտնես: Սա շատ բարդ գործընթաց է: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ գործընթացը պետք է երկարատև լինի: Այս ամբողջ ընթացքում շատ հարցեր, թեկուզ փոքր, լուծվել էին: Ամենակարևորն այն է, որ բանակցությունները գործընթաց են, որի ընթացքում հայտնվում է որոշակի վստահություն կողմերի միջև, որովհետև առանց այդ վստահության ոչինչ հնարավոր չէ կառուցել: Հեռանալ այդ գործընթացից՝ ասելով, որ մենք բավարարված չենք: Իսկ ո՞վ է ասել, որ այդ բանակցությունները պետք է տևեն, ասենք, 5 կամ 30, 35 կամ 40 տարի: Ոչ։ Միայն խաղաղ բանակցությունները, հայեցակարգերը, նոր գաղափարների զարգացումը, վստահության ձևավորումը բերեցին նրան, որ Ֆրանսիան և Գերմանիան ոչ միայն չեն պատերազմում, այլև դաշնակիցներ և նոր Եվրոպայի ստեղծողներն են դարձել:

Կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցային, մնացած ամեն ինչ փակուղի է տանում, պատմական փակուղի:

--00--ԱԹ