ՌԴ-ն ամենաակտիվ ջանքեր գործադրող պետությունն է․ վարչապետը՝ The Jerusalem Post-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

The Jerusalem Post - Դուք դիմել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի հետ Հայաստանի անվտանգության պայմանագրի շրջանակում աջակցելու խնդրանքով: Ի՞նչ աջակցություն եք ակնկալում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ և ունենք պայմանագիր համագործակցության վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգության ընդհանուր մարտահրավերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել և հետևել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, և կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից:

The Jerusalem Post - Ձեր հիշատակած անվտանգության մեխանիզմի շրջանակում հավանական համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը զորք կուղարկի Հայաստանի սահման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ռուսաստանի զորքերն արդեն գտնվում են Հայաստանի սահմաններին, և դա նորություն չէ: Նրանք միշտ էլ այստեղ են եղել, և Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդեն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Եվ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաև մեր սահմանի այլ հատվածներում:

The Jerusalem Post - Ասացեք, խնդրեմ, ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում միջնորդի դերին: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիների ընթացքում շատ հաջողություններ չի արձանագրել: Ո՞ւմ պետք է ներգրավվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը: Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է:

The Jerusalem Post - Կարո՞ղ է արդյոք Իսրայելը, Ձեր կարծիքով, որևէ դեր խաղալ կարգավորման միջնորդության հարցում՝ հաշվի առնելով լավ կապերը..

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իսրայելը հիմա շատ ակտիվորեն ներգրավված է կոնֆլիկտի մեջ: Որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն են ակտիվորեն ներգրավված Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարում: Եվ, կարծում եմ, Իսրայելը մտածելու հետևյալն ունի, որ փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրք է իր համար:

--00--ԱՀ