Հին, «չսմարթֆոն» հեռախոսներն ապահով չեն. ռազմական փորձագետը՝ Արցախից հեռախոսազանգերի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News  

բանակ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը առաջնագծից ու Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում է ներկայացրել։

«Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից՝ ՀՀ ցանցեր, կարող է թշնամու կողմից գաղտնալսվել կամ առնվազն գրանցվել զանգի փաստը, ժամանակը, տեղը, որ համարից և որ համարի վրա, ինչպես նաև, թե կոնկրետ որ հեռախոսից է զանգը կատարվել (ամեն հեռախոս ունի ունիկալ IMEI համար, որով միանշանակ իդենտիֆիկացվում է)։

Ինչ է սա նշանակում։

1. Թշնամին կարող է հանգիստ գրանցել հեռախոսների կուտակումներ, մինչև 10–30 մետր ճշտությամբ։ Եթե դա գրանցվում է անսպասելի վայրում, օրինակ՝ ինչ-որ անտառում, ձորակում ևն, դա կարող է նշանակել, որ այնտեղ կուտակում կա մեր կենդանի ուժի, ինչի հետևանքները, կարծում եմ, հասկանում եք։

Ըստ այդմ. ջոկատում բոլոր հեռախոսները պետք է միշտ անջատած լինեն։

Կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել։ Ավելին՝ ցանկալի է, որ 1–2 հեռախոսով զանգերն արվեն, ոչ ավելին։ Ու դա էլ պետք է արվի 2–3 օրը մեկ։

Ընդհանրապես, շատ լավ կլինի, որ մի հոգու զանգեք Երևան, այդ մի հոգին էլ փոխանցի ջոկատի մյուս անդամների բարեկամներին։ Ոչ թե ջոկատի բոլոր անդամները հերթով զանգեն ամեն մեկն իրենց բարեկամներին (այդ դեպքում, պատկերացրեք, օրական 30–40 զանգ կարող է արվել նույն տեղից, այսինքն էլի կասկածելի ակտիվություն է երևալու թշնամուն)։

2. Բաց կապով կարելի է քննարկել միմիայն անձնական հարցեր, խիստ ցանկալի է՝ առանց անուններ նշելու։

3. Չի կարելի խոսել այն մասին, թե որտեղ եք, չի կարելի խոսել այն մասին, թե ում եք տեսել, ուր եք տեղափոխվել կամ պատրաստվում եք տեղափոխվել։ Չի կարելի խոսել ձեր ջոկատի կորուստների ու վիրավորների մասին։

4. Միշտ հիշեք, որ ըստ էության բաց կապով ցանկացած զանգ ապահով չէ։ Եթե ինչ-որ ֆանտաստիկ զուգադիպությամբ համացանցային կապ կա, ապա կապի համար օգտագործեք Սիգնալ կամ Տելեգրամ։ Բայց էլի, ձեր խոսակցությունը պետք է 2–3 րոպեից ավել չտևի, որովհետև միևնույնն է. հենց միացնեք հեռախոսը, ցանց մտնելու փաստը, տեղը և այլն հակառակորդը կարող է գրանցել։

5. Կա միֆ, որ հին՝ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են։ Այդպես չէ։ Անվտանգության խնդիրներ ունի հենց բջջային կապի GSM պրոտոկոլը։ Այնպես որ միակ լուծումը հեռախոսն անջատած պահելն է։

Անփորձանք»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ