Սլովակիայի խորհրդարանը ԼՂ հակամարտության հետ կապված բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Սլովակիա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Քիչ առաջ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի չկիրառման և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Բանաձևի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:

Որպես Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետևողականությունը և շարունակաբար ուշադրության արժանացնելը»:

--00--ԱԹ