ԱԱԾ տնօրենի տեղակալն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԱԾ այց

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող  այցելությունները: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ:

ԱԱԾ տնօրենի տեղակալը փաստել է հերոս հայորդիների սխրանքների բացառիկ կարևորությունը ռազմական գործողություններում, նրանց փոխանցել որոշակի ֆինանսական աջակցություն և ողջ համակարգի խորին երախտագիտությունը, ինչպես նաև ընդգծել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հաստատության պատասխանատուներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել հերոս սահմանապահների անկոտրում կամքի, ինչպես նաև՝ բացառիկ խիզախությունների որոշակի ուշագրավ դրսևորումներին, որոնք նրանց կողմից ցուցաբերվել են բուժման այս օրերի ընթացքում՝ յուրովի ոգեշնչելով բուժաշխատողներին:

ԱԱԾ այց

--00--ԱԹ