Թուրքիան թաթարների միջոցով ինքն իրեն հրավիրում է Ղրիմ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

թաթար

Ուկրաինայում գործող Ղրիմի թաթարական կազմակերպություններն ու գործիչները համարում են, որ միայն Թուրքիան կարող է դառնալ «տարածաշրջանային հավասարակշռություն հաստատող» տերություն՝ Սև ծովի հյուսիսային ավազանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալության հրապարակումը, Ղրիմ-թաթարական մեջլիսի (ՂԹՄ) նախագահ Ռեֆաթ Չուբարովը և Ուկրաինայի Ազգային ժողովի պատգամավոր Ռուստեմ Ումերովը կարևորել են  Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները, Ղրիմի հարցում Թուրքիայի դերն ու դեկտեմբերին կայանալիք Ղրիմի հարցերով համաժողովի նշանակությունը։

Թուրքական գործակալության հետ զրույցում Չուբարովը, մասնավորապես, ասել է․ «Պլանավորում ենք մյուս ամիս իրականացնել Ղրիմի գագաթնաժողովը, որին կմասնակցեն և՛ Թուրքիան, և՛ Արևմուտքի երկրները»։ Ըստ թաթար գործիչների՝ «Ղրիմի թերակղզին թաթարների հայրենիքն է», նրանք կարծում են, թե իբր այն չպետք է դիտարկվի Ռուսաստանի կազմում։  Չուբարովն առիթը բաց չի թողել նաև Ռուսաստանի Դաշնության հասցեին քննադատական խոսք հնչեցնելու համար՝ ասելով. «Պաշտոնական Մոսկվան մերժում է խոսել Կիևի հետ։ Արևմտյան երկրները իրենց հերթին ասում են, որ կփրկեն Ղրիմը, բայց նաև նշում են՝ սկզբում՝ Դոնբասը, հետո՝ Ղրիմը։ Մենք սրան համաձայն չենք։ Երկու հարցն էլ պետք է միասին քննարկվեն»։

Ղրիմ-թաթարական մեջլիսի նախագահը նաև պնդել է, թե Ռուսաստանը «շարունակում է տարածաշրջանում իմպերիալիստական ծրագրերը, այդ պատճառով Թուրքիան, իր հարևան երկրների հետ ռազմական և այլ ոլորտներում համագործակցությունն ամրապնդելով, վերջ տալով միայն մեկ պետության հեգեմոնիային, կարող է տարածաշրջանում հավասարակշռություն հաստատել»։

Ուկրաինայի ԱԺ պատգամավոր Ռուստեմ Ումերովն, իր հերթին, նշել է, որ կարևորում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Թուրքիա։ Ըստ նրա՝ Ղրիմի թաթար թուրքերը ուրախ են, որ «Թուրքիան ոչ թե ուղղակի բարեկամ երկիր է, այլ ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր»։ Նա նաև նշել է, որ Զելենսկիի այցի շրջանակներում կստորագրվեն երկրների անվտանգության ոլորտին վերաբերող համաձայնագրեր, ինչպես նաև կքննարկվի Ղրիմի պլատֆորմը, որին, ըստ նրա, Թուրքիան կաջակցի։ 

Ումերովը նշել է նաև, որ Թուրքիան Ուկրաինայի Խերսոնի շրջանում Ղրիմի թաթարների համար 500 բնակարան կառուցելուց հետո պլանավորում է ևս 500-ը կառուցել։

Թուրքիան, Ղրիմը համարելով իր աշխարհաքաղաքական բացառիկ հետաքրքրությունների տիրույթում գտնվող տարածաշրջան, չի ընդունում հանրաքվեի արդյունքում թերակղզու միացումը Ռուսաստանին։

Ուկրաինայի իշխանությունն աջակցում է Ղրիմի միջազգային պլատֆորմի ստեղծմանը, ուր և ցանկանում է տեղափոխել Ղրիմի հարցի քննարկումը։ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ղրիմի միջազգային պլատֆորմին, քանի որ Սև ծովի հյուսիսային ավազանի անվտանգության շուրջ Թուրքիան և Ուկրաինան համակարծիք են։ 

Աղբյուրը՝ «Արմենպրեսը»։ 

 

--00—ՄՀ