Եթե թունելի վերջում լույս տեսանելի չլինի, գուցե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Արևցախւ ճանաչելու գործընթացին:

Թեմային առնչվող հարցադրումները ներկայացնում ենք ստորև:

Ուկրաինա 24-Դուք հիշեցիք Բիշքեկի համաձայնագրի մասին, որը ստորագրվեց 1994 թվականին, և որով հաստատվեց զինադադար: Այդ ժամանակից ի վեր, ինչպես ճիշտ նշեցիք, հնարավոր էր լինում զսպել իրադրությունն ու թույլ չտալ իրավիճակի լարում: Այդուհանդերձ, հնարավոր չեղավ հաշտության շուրջ համաձայնության գալ ու կնքել հաշտության համաձայնագիր: Ինչո՞ւ 26 տարիների ընթացքում դա չհաջողվեց:

- Նախ, համաձայն չեմ Ձեզ հետ, որ մեզ դա չի հաջողվել: Նման օրինակ բանակցությունները շատ բարդ են ու շատ տարրեր են պարունակում՝ բացի մեծ հարցերից, կան նաև շատ այլ մանր հարցեր:

Ուկրաինա 24- Ես նկատի ունեմ, որ չի հաջողվել վերջակետ դնել:

- Իսկ ո՞վ է ասել, որ պետք էր վերջակետ դնել 26 կամ 36 տարիների ընթացքում: Նայեք ուրիշ հակամարտությունների ողջ աշխարհում: Պաղեստինի հարցը քանի տարի էր շարունակվում՝ բանակցություններ էին ընթանում, թղթեր էին ստորագրվում: Սա շատ բարդ հարց է: Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այն միտքը, որ եթե այս գործընթացի վրա չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ էլ, և մենք ավելի մոտ լինեինք խնդրի խաղաղ կարգավորմանը:

Ուկրաինա 24- Իսկ եթե խոսենք խաղաղ կարգավորումից՝ Երևանը պատրա՞ստ է փոխզիջման, պատրա՞ստ է գնալ որոշակի զիջումների՝ անկախ հակառակ կողմի՝ թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական քայլերից:

- Հայկական կողմն այս 26 կամ 30 տարիների ընթացքում մշտապես ասել է, որ պատրաստ է նորմալ բանակցությունների: Դա ապացուցելու համար պետք չէ շատ հեռու գնալ, ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Պատճառը շատ պարզ է՝ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, արդեն քննարկելու բան, թերևս, չի մնա: Մենք մշտապես հավատացած ենք եղել, որ խնդրի վերջնական, մշտական կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով: Իհարկե, եթե թունելի վերջում լույս տեսանելի չլինի, ապա գուցե այդ ժամանակ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Պատասխանելով Ձեր հարցին, թե ինչին է պատրաստ Հայաստանը ու ինչին պատրաստ չէ, դա բանակցությունների թեմա է, իսկ բանակցությունները դադարեցված են: Եթե նույնիսկ դրանք շարունակվեին, ես Ձեզ չէի պատասխանի, որովհետև մեզ մոտ 2018 թվականից հետո բանակցող կողմ են վարչապետն ու արտգործնախարարը, ոչ թե ես:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ