Արցախի ճանաչումը կդառնա մահվան սպառնալիքի տակ գտնվող ժողովրդի պաշտպանությունը. Մյուզելիե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Մյուզելիե

Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ -Ազուր շրջանի ղեկավար Ռենո Մյուզելիեն Ֆրանսիային, ԵՄ-ին և ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունն, ըստ մի շարք վկայությունների, ռազմական հանցագործությունների հարթակ է դարձել. այստեղ օգտագործվում է սպիտակ ֆոսֆոր և կասետային ռումբեր, և դրանց կիրառումն արդեն հաստատված է և հումանիտար աղետի հիմք է:

Ըստ Մյուզելիեի` այս արտառոց իրավիճակում ադրբեջանական ուժերը հարձակում են գործում հիվանդանոցների, ծննդատան և քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Նա խոսում է նաև այս հակամարտությանը ջիհադիստների մասնակցության մասին` նշելով, որ վերջիններիս գոյությունն ամենօրյա սպառնալիք է Արցախի ժողովրդի համար:

«Մենք, իբրև պետություն, պարտավոր ենք ձայն բարձրացնել միջազգային ահաբեկչության այդ դաշինքի դեմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղում է: Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց Ֆրանսիան, ԵՄ-ն և ՄԱԿ-ը պետք է համատեղ և միջազգային իրավունքի համաձայն ճանաչեն Արցախի անկախությունը: Այդ ճանաչումը պաշտպանություն կդառնա մահվան սպառնալիքի տակ գտնվող անձանց համար: 

Միջազգային հանրությունը պետք է վճռական լինի և համերաշխություն դրսևորի հայ ժողովրդի հետ: Եկեք չսպասենք, որ նրանք դառնան Էրդողան-Ալիև դաշինքի երկրորդ ցեղասպան գործողությունների զոհերը»,- ասում է նա:

--00--ԱԹ