Երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն լինի, երբե՛ք. նախագահը՝ հունական օրաթերթին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել հունական Kathimerini օրաթերթին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ հակամարտության շրջանակում ռազմական գործողությունների վերսկսման ու Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու պատճառներին:

Թեմային առնչվող հատվածները ներկայացնում ենք ստորև:

Kathimerini- Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը վերջին վեց շաբաթների ընթացքում սառեցված հակամարտությունից վերածվել է հյուծող պատերազմի: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում և ի՞նչ կորուստներ ունի հայ ժողովուրդը:

- Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէի անվանի, քանի որ 1994 թվականից ի վեր, ինչ Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հաստատվել էր զինադադար, ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր ռազմական միջոցներով վիճարկել և փոխել ստատուս քվոն: Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ադրբեջանական կողմը, հակամարտության վերջնական լուծումը գտնելու նպատակով բանակցային սեղանն օգտագործելու փոխարեն, ոչ միայն զերծ չմնաց զինադադարի ռեժիմը պարբերաբար ու կանխամտածված խախտելուց և շփման գծում հայ զինվորներին, իսկ Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում՝ քաղաքացիական անձանց սպանելուց, այլև այդ ընթացքում ձեռք բերեց մեծ քանակությամբ ու միլիարդավոր ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից, այդ թվում և՝ արգելված զենք-զինամթերք՝ ողջ տարածաշրջանը վերածելով վառոդի տակառի: Ավելին, Ադրբեջանն սեփական ժողովրդին նախապատրաստում էր պատերազմի, մինչդեռ հայկական կողմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խաղաղ կարգավորման ջատագով է, իսկ հայկական էլիտայի ներկայացուցիչներն որոշ ընդդիմադիր գործիչների կողմից անգամ երբեմն քննադատվում էին ռազմական ծախսերն ավելացնելու ու հռետորաբանությունը խստացնելու փոխարեն խաղաղասեր լինելու համար:

1990-ականների սկզբից Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 10 անգամ և երբեք չի հրաժարվել խիստ այլատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունից: Ադրբեջանական ղեկավարությունը մշտապես սպառնացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կիրառել ռազմական ուժ, և այժմ մենք նրա ցեղասպան մտադրությունների ականատեսն ենք արդեն լիարժեք գործողության մեջ: Ժողովուրդները կարող են հակասություններ կամ վեճեր ունենալ, բայց անընդունելի է, երբ անհամաձայնությունը, անգամ խոր անհամաձայնությունը վերածվում է իսկական պատերազմի, ուր երկու կողմում մարդկային ողբերգություն է: Ավելին, այս անմարդկային ագրեսիան, որը սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց Ադրբեջանի ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից, ռազմական ու քաղաքական լիակատար աջակցություն ստացավ մեկ այլ ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից Թուրքիայում: Բռնապետությունների համար միևնույնն են սեփական ժողովրդի ճակատագիրն ու բարեկեցությունը, առավել ևս՝ նրանք չեն հարգում պարզ մարդկային կյանքը, արժեքներն ու արժանապատվությունը: Ոչ ժողովրդավար ռեժիմը, լինի Բաքվում, Անկարայում կամ այլուր, իր «ուժն» ու «հպարտությունը» կառուցում է սեփական ժողովրդի տառապանքի վրա, ուստի և շատ ավելի անմարդկային է այլ ժողովուրդների նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, այլ՝ հպարտ հայ ժողովրդի պայքարը՝ հանուն իր անվտանգության, հպարտ կյանքի և արժանապատվության՝ ընդդեմ սպանությունների, նվաստացումների ու տառապանքների:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի մարդկային կորուստներին, Հայաստանի կառավարությունն ամեն օր պաշտոնապես տեղեկատվություն է տրամադրում և չի թաքցնում թվերը՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որևէ տեղեկություն չի տալիս մարդկային կամ այլ կորուստների մասին: Հայկական կողմի ցանկացած կյանք չափազանց կարևոր է մեզ համար, և այստեղ հարցը թվերը կամ պարզ մաթեմատիկան չեն: Հայկական կողմում ցանկացած սրտի բաբախյունն անգին է մեզ համար, և մենք պետք է դադարեցնենք ադրբեջանցիների, թուրքերի և ահաբեկչական խմբերի կողմից հայկական հողի վրա սանձազերծված արյունահեղությունը:

Kathimerini- Ո՞վ է մեղավոր երեք իրար հաջորդած, ժամանակավոր հրադադարների խախտման ու Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի միջնորդած ժնևյան բանակցությունների փակուղու համար:

- Բոլոր երեք հրադադարները կամ մարդասիրական հրադադարի շուրջ համաձայնությունները գրեթե անմիջապես խախտվել են ադրբեջանական կողմից, որը ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը: Սա Ձեզ կարող է անտրամաբանական թվալ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչու է կնքվում համաձայնություն, եթե ադրբեջանական կողմը չի պատրաստվում հարգել այն և փոխարենն անմիջապես խախտելու է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական, այլ ոչ թե հայկական կողմն է սանձազերծել այս մանրամասն ծրագրած ու կազմակերպած ռազմական ագրեսիան և պատերազմը՝ թուրք գեներալների, սպաների, հատուկ ջոկատայինների, «Բայրաքթար» մահվան մեքենաների, ինչպես նաև ջիհադիստների ու սիրիացի վարձկանների ուղղակի մասնակցությամբ, որոնց նմաններն այսօր Փարիզում, Վիեննայում կամ այլուր սպանում են անմեղ քաղաքացիների: Նույն պատկերն է նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոֆեսիոնալ մարդասպանները դուրս են եկել ընդդեմ անմեղ ժողովրդի: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը մի կողմից ստորագրում, մյուս կողմից՝ խախտում հրադադարը: Ամեն ինչ շատ պարզ է՝ Բաքվի և Անկարայի բռնապետները չեն ավարտել իրենց «առաքելությունը», այն է՝ «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ հազարավոր տարիներ բնակվող հայերից:

Այս գործողությունը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկ զտում, և հենց սա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը: Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ անմեղ ժողովրդի, այլ՝ ցանկանում է ավարտին հասցնել գործը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անվան տակ նրանք ցանկանում են ոչ թե խաղաղություն, այլ՝ ողբերգություն, քաղաքացիների սպանություններ, եկեղեցիների, հիվանդանոցների ու մանկապարտեզների ավերում և ահաբեկչության տարածում: Ո՞վ կհամաձայնի ապրել այդ բարբարոս ահաբեկիչների հետ: Բանակցությունների շուրջ 25 տարիների ընթացքում Ադրբեջանը չի համաձայնել որևէ սցենարի, որը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո, անկախ նրանից՝ դրա համար միջնորդում էր Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, թե բոլոր երեք համանախագահ երկրները միասին: Միակ տարբերակը, որին կողմ էր Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղին առանց հայերի տիրանալն էր: Եվ սա այն է, ինչ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ Հայոց Ցեղասպանությունը: Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք: Հենց սա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ