Բախումներից խուսափելու ամենաօպտիմալ տարբերակը վարչապետի հրաժարականն է․ Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

Ջուլֆալլակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում» վերտառությամբ։ Ջուլֆալակյանը նշել է, որ իրավական ճանապարհը հետևյալն է․ վարչապետը կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը, իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ:

Ջուլֆալակյանը մասնավորապես ասել է․ 

«Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում

Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված (քիչ թե շատ...)։

Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից (որի վտանգը կարծում եմ մեծ է)։

Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։

Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով

Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար, թե չէ... երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։

Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։

Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ...), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը(տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրացավարն էր սխալ դատում և այլն...)։

Նաև չես կարող, օրինակ, տուն ուղարկել ամբողջ թիմին և նոր թիմ կազմել։ Հիմնականում նման դեպքերում մարզիչը ներողություն է խնդրում, ընդունում իր սխալն ու հեռանում...

Իսկ այս պահին ի՞նչ իրավական տարբերակ կա։

Վարչապետը (ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին...), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ:

Այս տարբերակը, կարծում եմ, կլինի ամենաօպտիմալը՝ խուսափելու հետագա սրացումներից և բախումներից, ինչպես նաև ունենալու ստեղծված նոր իրականությանը համահունչ իշխանություն։ Արդեն պարզ է,որ լիքը բան է փոխվել և ուղղակի աչք փակելով չընդունել այդ ամենը համարում եմ արկածախնդրություն։

հ.գ. գրածս բնավ «հարգարժան» ֆեյքերին ոգևորելու համար չէ, այլ ուղղված է իրական մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որոշում կայացնելու լիազորություն/պարտականություն ունեն ի պաշտոնե։

Հուսամ, հաշվի կառնվի առաջարկս և գոնե լուրջ կքննարկվի համապատասխան շրջանակների կողմից։

Պահն իրոք շատ կարևոր է, ճակատագրական»։

--00—ՄՀ