Արցախի պատերազմը Ֆրանսիայի համար հերթական ձախողումն էՍիրիայից և Լիբիայից հետո․ L'Opinion

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

սահման

45 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով էլ չկարողացավ վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին գրել է ֆրանսիական L’Opinion թերթը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած արցախա-ադրբեջանական պատերազմին և նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը։ Թերթը նկատում է, որ չնայած վերջնական նպատակն իրագործված չէր, այդուհանդերձ, Ադրբեջանում ներկա իրավիճակն ընկալում են որպես 1994-ի պարտությունից հետո «երեսուն տարվա նվաստացմանը վերջ տալ»:

Հիշեցնելով, որ հայտարարությունն արվել է երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, ֆրանսիական լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիան մնաց կուլիսների հետևում, իսկ Արցախի ղեկավարությունը չհայտնվեց բանակցությունների սեղանի շուրջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, L’Opinion-ը գրում է․ «Ռուսաստանը այս հակամարտությունում բացահայտ հաղթողն է․ Պուտինն է, որ ձեռք բերեց քաղաքական համաձայնությունը, իսկ ռուսական խաղաղապահները տեղակայվեցին շփման գոտում։ Պաշտոնական Մոսկվան ավելի է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում․ մի երկրում, որը սերտորեն կապված է և արդեն իսկ կախում ունի Ռուսաստանից։ Պատերազմից հետո այդ կախումն ավելի մեծ կլինի»։

Խոսելով Թուրքիայի մասին, լրատվական կայքը նշում է, որ այն, աջակցելով Ադրբեջանին («Երկու պետություն, մեկ ժողովուրդ», ինչպես ասում են Անկարայում), իր ներկայությունը պարտադրեց Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Պուտինի և Էրդողանի միջև այս երկխոսությունն ավելի մեծացրեց թատրոնը՝ Սիրիայից, Լիբիայից և էներգետիկ խնդիրներից հետո։ Իսկ հարևան Իրանը մնաց հետին պլանում՝ բաժանվելով Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունների և իր հողում ապրող ադրբեջանական փոքրամասնության միջև։ Ադրբեջանցիները խոսում են ադրբեջաներեն, որը շատ մոտ է թուրքերենին, բայց միևնույն ժամանակ շիա մուսուլմաններ են, ինչպես Իրանում»։

L’Opinion-ի համար մեկ բան հստակ է․ Արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ, դուրս են բերվել դիվանագիտական խաղից։ «1994 թվականից սկսած Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ֆրանսիան, Ամերիկան և Ռուսաստանն են պատասխանատու եղել այս հակամարտության լուծումը գտնելու հարցում։ Նրանք ձախողվեցին, նաև այն պատճառով, որ նախորդ պատերազմում հաղթած հայկական կողմը գոհ էր ստատուս քվոյից: Հայամետ և Թուրքիայի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող Ֆրանսիայի համար սա հերթական ձախողումն է ՝ Սիրիայից և Լիբիայից հետո»,- գրում է թերթը։

Ըստ L’Opinion-ի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը կվերլուծվի ռազմական դպրոցներում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ այժմ դիտարկվում է այսպիսի դիմակայության հնարավորությունը։ Ադրբեջանական կողմի ռազմական ղեկավարումը շահեց Թուրքիայի ռազմական օգնությունից, ներառյալ հատուկ ջոկատայիններին, որոնց շնորհիվ Բաքվի ռազմական ուժերը բերվեցին բավարար լավ մակարդակի։

--00--ԱՀ