Երևանում ընդդիմությունը փորձում է շահարկել ԼՂ վերաբերյալ համաձայնագրի թեման. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Մենք տեսնում ենք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, տեսնում ենք՝ որքան է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը: Իհարկե, այնտեղ կան նաև ազնիվ մարդիկ, ովքեր ցավում են, որ ամեն ինչ այսպես է վերջանում»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ իլյուզիաները, թե 7 շրջանը միշտ պետք է մնային այն վիճակում, որում էին դեռ 1,5 - 2 ամիս առաջ, պետք է չլինեին:

«Պատասխանատու իշխանությունները պետք է ժողովրդին բացատրեին, որ ինչ-որ փուլում դա պետք է իրագործվի՝ համաձայն այն սկզբունքների, որ երկար տարիներ բանակցային սեղանին էին և բացում էին ԼՂ խնդրի կարգավորման իդեալական ուղի՝ առանց արյան, առանց որևէ մեկի անվտանգությանը վնաս հասցնելու, առաջին հերթին՝ ԼՂ հայերի և այլ էթնիկ խմբերի, որ ապրում էին այնտեղ, շահավետ էին նաև ՀՀ և Ադրբեջանի համար, լինելու էր հաղորդակցման ապաբլոկավորում, այս ամենը պետք է դրական դեր խաղար առաջին հերթին ՀՀ տնտեսության համար, որ տուժում է այս սահմանափակումներից»,- նշել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է՝ այժմ այս կապերը վերականգնվում են, ՀՀ տնտեսությունը պետք է ազատ շնչի, պետք է լինի ՀՀ գործընկերների հետ տրանսպորտային կապ:

«Եթե անենք այն ամենը, ինչ պայմանավորվել ենք, իսկ ես դեռ նշաններ չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը փորձում է խախտել պայմանավորվածությունը, բոլորը կշահեն: Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես այսօր զրուցել եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Վստահ եմ, որ հայկական կառավարությունը հասկանում է իր պատասխանատվության չափը, հասկանում է, որ սա ստորագրել է՝ իր ազգի շահերը հաշվի առնելով, հուսով եմ՝ կպահպանվի այս համաձայնագրի ամբողջականությունը և կիրականացվի»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է՝ տեսնում է շատ քաղաքական ուժեր, որ հասկանում են տեղի ունեցողը և ճիշտ եզրակացություններ անում:

--00--ԱԹ