Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ԼՂ մշակութային ժառանգության պահպանմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը ժամանակավո՞ր է, թե՞ անորոշ ժամկետով, հիշեցրեց՝ համաձայնագրով ժամկետը որոշված է՝ հինգ տարի, սակայն այն կարող է երկարաձգվել, եթե ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը չառաջարկի դադարեցնել դրա կիրառումը:

«Կարծում եմ՝ դա բավական խելամիտ ձևակերպում է, այն հնարավորություն է տալիս, որ իրավիճակը հանդարտվի, անցնի ստեղծարար փուլ, իսկ կառուցել, ստեղծելու շատ բան կա»,- նշեց նա՝ հիշեցնելով բոլոր կարգավիճակային հարցերի դիտարկումը:

Լավրովը նշեց՝ փախստականները, տեղահանվածները պետք է վերադառնան, վերականգնվի նրանց մշակութային-քաղաքակրթական ժառանգությունը: Նա հիշեցրեց՝

«Այժմ, երբ խաղաղ կարգավորման ենք անցնում, այս՝ մշակութային ժառանգության հարցերին, պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Սա կլինի բարդագույն հարցերից, որ թույլ կտա վերականգնել փոխադարձ վստահությունը: Ես հուսով եմ՝ այդ հնգամյա ժամանակահատվածը թույլ կտա առնվազն ամուր հիմքեր դնել այս ուղղությամբ հետագա զարգացման համար: Իսկ թե ինչ կլինի 5 տարում, ես իրադարձություններից առաջ չէի ընկնի, լիարժեք վստահություն կա՝ կողմերը հետաքրքրված են խաղաղապահների տեղակայմամբ: Մենք այդպիսի վերապահում արեցինք նրանց մանդատը դադարեցնելու հնարավորության վերաբերյալ

Լավրովը նկատեց՝ անհրաժեշտ է ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման վրա: Նա նաև նշեց՝ աշխատելու են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿԻ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ՝ մարդկանց իրենց տուն վերադառնալու հնարավորություն տալու, տները վերակառուցելու և նորմալ կյանք ապահովելու համար:

--00--ԱԹ