Էրեխեքը զոհվեցին, որ կաբինետներում լավ օղի խմեք և վերջում խայտառակ պայմանագիր ստորագրե՞ք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով արցախյան պատերազմում ձեռք բերված զինադադարի պայմաններին՝ նշեց․ «Էդ էրեխեքն ինչո՞ւ զոհվեցին, որ դուք նստած ձեր տաք կաբինետներում լավ օղի խմեք և վերջում խայտառակ պայմանագիր ստորագրե՞ք։ Ի՞նչ պատասխան ենք տալու որդեկորույս մայրերին»։ 

«Այս ամենը ստի արդյունք է, ո՞նց կարող ենք 43 օր հաղթենք, 44-րդ օրը պարտվենք, ինչո՞ւ էին մեզ սուտ ասում։ Այս խայտառակ պայմանագիրը ոչ այսօր ապրողները կներեն Հայաստան աշխարհին, ոչ էլ պատմությունը։ Պարտվեցինք, որովհետև «իմ քայլը» բերեց «իմ մարդուն», որ իրագործի «իմ ծրագիրը»։

Նիկոլ Փաշինյանի մտավոր, բարոյական կարողությունը, գիտելիքները, կրթությունը, աշխարհայացքը չի բավարարում երկիր ղեկավարելու համար, այդ է ցույց տվել վերջին 2,5 տարին։ 2,5 տարի զենք առնելու, պատերազմի պատրաստվելու փոխարեն, դատարաններ էինք փակում, ուժային կառույցների համակարգը փոխում։ Մենք Ղարաբաղը 2,5 տարի առաջ ենք հանձնել՝  Նիկոլ Փաշինյանի պարտվող երկրի քաղաքականության հետևանքով։ Նախկիններից ժառանգություն ստացած Ղարաբաղի մասին մեզ այսօր մնում է միայն երազել»։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյությում։

--0--ԿԿ