Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը դեռ երկար վերահսկելու են հայկական ուժերը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:

Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն:

Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:

Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները»:

--00--ԱԹ