ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացի անհետ կորել է Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացի անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը։ 

Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:

Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:

--00—ՄՀ