Հայտարարված ռազմական դրությունը կվերանա՞․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News  

լհկ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը:

Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:

«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով:

Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ:

Նկատենք նաեւ, որ բացի այս որոշման նախագիծը, նույն խմբակցությունը դեռեւս նոյեմբերի 11-ին ներկայացրել էր նախագիծ՝ տեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ: Սակայն այդ հարցը քննարկելու համար այդպես էլ արտահերթ նիստ չգումարվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ