Բալասանյանը Փաշինյանին ասել է՝ հանձնարարե՛ք ինձ Շուշիի պաշտպանությունը, նա համաձայնել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Վանեցյան

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան պատերազմի օրերին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում Բալասանյանը խոստացել է իրականացնել Շուշիի պաշտպանությունը, Փաշինյանը տվել է իր համաձայնություն։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Երևանում հանդիպել էր Փաշինյանի հետ, այդ հանդիպումը բոլորի համար տարօրինակ էր, որովհետև Բալասանյանը այն անձանցից է, որը շատ խիստ քննադատում է Նիկոլ Փաշինյանին:

Վիտալի Բալասանյանը Փաշինյանին հարցրել է՝ ո՞րն է ամենածանր ուղղությունը, որն ունենք ռազմաճակատում, Փաշինյանը ասել է՝ Շուշին։ Բալասանյանն ասել է՝ հանձնարարե՛ք ինձ Շուշիի պաշտպանությունը և, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ  հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ  իրականացնել Շուշիի պաշտպանությունը, Շուշին ընկավ, կհռչակեք ինձ դավաճան, Փաշինյանը համաձայնվել է և Բալասանյանին ասել է՝ գնացե՛ք և անցել Շուշիի պաշտպանությանը»,-ասել է Վանեցյանն ու հավելել, որ հենց այդ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը մարտակոչ է արել զինակից ընկերներին՝ կոչ անելով, որ գան Արցախ ու միանան պայքարին։ Սակայն Արցախում, ըստ Վանեցյանի, Բալասանյանին թույլ չեն տվել միանալ Շուշիի պաշտպանությանը։

«Բալասանյանը մինչև վերջին օրը այդպես էլ չանցավ Շուշիի պաշտպանությանը, նրան Արցախում ասեցին, որ նման ցուցում մենք չենք ստացել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթույլատրեցին Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը»,-պատմել է Վանեցյանը։

--00—ԼՄ