ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

եպհ

ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով Կառավարության ու վարչապետի հրաժարական: 

«Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով, մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս իշխանություններին և հասարակությանն ուղղված կոչ-հայտարարությամբ.

-      1994 թ. Ադրբեջանի հանդեպ Հայկական զինված ուժերի արձանագրած  հաղթանակը ճանապարհ բացեց արցախահայության ինքնորոշման արդար  իրավունքի համար: Սակայն այդ հաղթանակը մեր հասարակության մեջ առաջացրեց անպարտելիության զգացում` երբեմն պատճառ դառնալով իրատեսության դիրքերից նահանջի: Հայաստանում լիարժեք և ամբողջական չիրականացվեցին պատերազմի մեջ գտնվող պետության համար անհրաժեշտ գործողություններ. տնտեսության, գիտության, կրթության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում չգրանցվեցին ցանկալի արդյունքներ: Այս ամենի հետևանքները առավել ցայտուն դրսևորվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։

-      Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների ընդգրկումը, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան։

-      Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրեց խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ, իսկ դրա հետևանքով օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակությունները կարող են կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի։

-      Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

Այս ամենի հետևանքով մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է.

-      Վարչապետի և կառավարության հրաժարականը:

-      Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում` բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:

Դիմում ենք նաև Ազգային ժողովի պատգամավորներին և հորդորում հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, անել հնարավորը երկիրը ցնցումներից զերծ պահելու համար:

Միևնույն ժամանակ կոչով դիմում ենք հանրությանը համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։

Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԱԹ