Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 21,  24News   

Մովսես Հակոբյան

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՔԾ-ից։

Ծառայությունից տեղեկացրել են, որ կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին իր ասուլիսի ընթացքում ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հանդես է եկել  մի շարք սենսացիոն հայտարարություններով` նշելով, որ այս պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Ըստ նրա՝ 2018թ մայիսից հետո պատերազմող երկրում իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: Բացի այդ`  պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և զորահավաք չի եղել:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս