Մենք պետք է մեզ ապացուցենք, որ կորցրած պայծառ ապագան մեզ չի կոտրելու,այլ միավորելու է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան:

«Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է:

Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու: Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք: Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»,- սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:

--00--ԱՀ