Հաջորդ պատերազմը հրացանով չի լինելու, այլ արհեստական բանականությամբ. պետք է պատրաստվենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահի լրատվական ծառայությունը նշում է, որ Հորդանանի հայ համայնքի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Ավետիս վրդ. Իփրաճյանը ողջունել է Հայաստանի նախագահի այցը՝ նշելով, որ համայնքը հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին: Նա տեղեկացրել է, որ այդ դժվարին օրերին Հորդանանի համայնքը նույնպես ձգտել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի հայրենակիցներին: 

«Հաջողություններ եմ մաղթում մեզ բոլորիս, որ գործենք խոհեմ՝ հաղթահարելու այս ճգնաժամային դժվար օրերը, որպեսզի կարողանանք ամենամոտ ապագայում դիմավորենք փայլուն հաղթանակներ, որոնց նախանձով կնայի ամբողջ աշխարհը, և մենք կհպարտանանք այդ գործերով,-ասել է հոգևոր հովիվը։ -Հիմա պետք է գործենք միասնական, ուս ուսի, ձեռք ձեռքի տված և իրար հանդուրժելով։ Հայրենիքը մեծագույն սրբություն է, որի պաշտպանությունը համայն հայության պարտականությունն է։ Բոլորս պետք է պայքարենք հանուն հայրենիքի ապահովության և բարգավաճման»։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության ու դժվարին պահին հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Նա խոսել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի, Հորդանան կատարած այցի նպատակների մասին, ինչպես նաև պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի նախագահը նշել է, որ դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են. «Պատերազմի անփառունակ ավարտը, Արցախի այսօրվա կարգավիճակի հետ կապված խնդիրները, այն, որ բազմաթիվ արցախցիներ այսօր իրենց տունն են գտել Հայաստանում, և Աստված գիտի՝ այդ տունը ժամանակավոր է, թե մշտական։ Հազարավոր հայ երիտասարդներ կյանք են կորցրել, հազարավոր երեխաներ ծնող են կորցրել, հազարավոր հայ երիտասարդներ վիրավոր են, հազարավոր զինվորներ վերադառնում են տուն, իսկ տանը մեծ տնտեսական դժվարություններ կան, որոնք խորացել են նաև կորոնավիրուսի հետ կապված։ Սրանք իրականություն են, որոնց առաջ չես կարող աչքերը փակել»։

Արմեն Սարգսյանն ասել է, որ դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է։

Նախագահն ընդգծել է, որ այս դժվարին օրերին մենք նորովի ենք գտնում մեր բարեկամներին։ «Հորդանանը մեր բարեկամ երկիրն է։ Երբ այս դժվարին օրերին Նորին Մեծությունից հրավեր ստացա պաշտոնական այցով այցելել Հորդանան, ուրախությամբ ընդունեցի։ Այս հրավերը վկայում է այն մասին, որ Հայաստանի համար ամենադժվարին պահին Հորդանանը ձեռք է մեկնում մեր երկրին, ցույց է տալիս ողջ աշխարհին, նախ և առաջ, մահմեդական աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ,-ասել է Հայաստանի նախագահը։ -Միաժամանակ, նա ցույց է տալիս, որ այս պատերազմը չի եղել և երբեք չի կարող գնահատվել որպես կրոնական պատերազմ։ Հակառակը, իսլամական աշխարհի առաջնորդն առաջիններից է, որ մեզ ձեռք է մեկնում»։

Խոսելով ապագայի անելիքների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Չնայած մենք այսօր պարտվել ենք, բայց մեր բարեկամները, կարծում եմ, հավատում են, որ մենք կկարողանանք ոտքի կանգնել և ցույց տալ, որ մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև ճակատամարտում պարտվելը մի բան է, բայց դրանից հետո ոտքի կանգնելը, ուժ գտնելը, պատրաստվելը կյանքի հաջորդ մարտահրավերներին, ուղղակի անհրաժեշտություն է։ Մենք ճանապարհ ունենք, և այդ ճանապարհը դժվարին է, բայց այդ ճանապարհը կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված՝ սևերի-սպիտակների, իշխանության-ընդդիմության և այլն։ Դադարենք իրար հայհոյել, իրար վրա կեղտ լցնել։

Առավոտից գիշեր պետք է աշխատենք՝ առանց կանգնելու, բոլորս միասին։ Եթե չենք աշխատելու, իրար ենք հայհոյելու, սպասելու ենք, որ ինչ-որ մեկը գա, պաշտպանի…Եթե պատրաստ չես, ամենամոտիկ բարեկամն էլ քեզ չի պաշտպանի, որովհետև ինչո՞ւ պետք է պաշտպանի, եթե ինքդ չես ուզում պաշտպանել։ Իսկ դրա համար շատ էական է ազգային միասնությունը։ Սա այս պահին ուղղակի անհրաժեշտություն է»։

Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած հանդիպումներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպումների առանցքում համագործակցության խորացման հարցերն են եղել: «Այս երկիրը փորձ ունի այնպիսի մարդկանց հետ աշխատել, որոնք զրկվել են իրենց տնից։ Այս երկիրը նաև ժամանակակից բանակ կառուցելու պատմություն ունի։ Այս երկիրը պատմություն ունի՝ արժևորելու մշակույթը և կրթությունը։

Այցի ընթացքում մենք խոսեցինք կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում գործակցության մասին։ Բոլորիս համար պետք է պարզ լինի, որ հաջորդ պատերազմն արդեն լինելու է այնպիսի դրոններով, որոնց արհեստական բանականությունն է կառավարելու։ Այդ պատերազմին պետք է պատրաստ լինենք, որին հասնելու ճանապարհն անցնում է հետևյալ ուղիով՝ կրթություն, համալսարան, գիտություն, բնական գիտություններ, արհեստական բանականություն,-նշել է նախագահը: -Խոսեցինք նաև շատ էական խնդրի մասին, ինչպիսին սննդի անվտանգությունն է։ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի։ Մեր քննարկումները բավականին լայն էին և արդյունավետ»։

Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թագավոր Աբդալլահ Երկրորդը կաջակցի Հորդանան գետի ափին՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում վեր խոյացող, հայ-հորդանանյան բարեկամություն խորհրդանշող, Հորդանանում հայոց պատմության շարունակական ներկայությունն ապահովող Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցին ամբողջովին ավարտուն տեսքի բերելուն։ Հորդանանի թագավորի հետ խոսել են նաև հայկական մշակութային և հոգևոր արժեքների պահպանության վերաբերյալ։

Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարևորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարը նույնպես նոր չէ։ «Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական և ամենակարևոր խնդիրների լուծմանը»։

--00—ԼՄ