Վազգենաշենի տները թալանել են, անասուններին՝ մորթել. բնակիչը մանրամասներ է պատմել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այդ մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը: Նա բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր:

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը գյուղի տարածքում հանդիպած զինվորականներից է տեղեկացել, որ Վազգենաշենը հնարավոր է Աղդամի շրջանի մյուս գյուղերի հետ անցնի ադրբեջանցիներին:

Արթուր Ռամազյանը պատմել է, որ գյուղի շատ բնակիչների հետ մտադիր է եղել շարունակել Վազգենաշենում ապրել: Պատրաստվում էին վերանորոգել երկհարկանի առանձնատունը: Այդ նպատակով մեծ գումարներ էին ծախսել, շինանյութ էին գնել: Բավականին մեծ գյուղացիական տնտեսություն են ունեցել: Զբաղվում էին անասնապահությամբ, նռան այգի էին հիմնել: Տեղեկանալով, որ գյուղը հավանական է անցնի ադրբեջանական կողմին Ռամազյանների ընտանիքը հասցրել է տան իրերի եւ անասնագլխաքանակի մի մասը նոյեմբերի 20-ին դուրս բերել դեպի հարեւան գյուղ:

Մնացյալ իրերն ու անասունները տեղափոխելու համար նորից Վազգենաշեն վերադառնալու ճանապարհին նրանց հայտնել են, որ գյուղում արդեն ադրբեջանցի զինվորականներ են: Վերադարձողներին թույլ չեն տվել գյուղ մտնել գոնե հագուստներ վերցնելու համար: Ըստ Ռամազյանի՝ այնուհետեւ տեղեկացել են, որ գյուղն ամբողջությամբ թալանել են, իսկ անասունները մորթել:

«Ադրբեջանցի զինվորականներն ասել են՝ եթե խոզեր ունեք միայն դրանք կարող եք գալ, տանել»,-ասում է Ռամազայանը՝ հավելելով, որ մնացած անասնագլխաքանակով ապահովում են իրենց սննդի հարցը:

Վազգենաշենցի Ռամազյանների 8 հոգանոց ընտանիքը Վանաձորում հանգրվանել է հորաքրոջ երկսենյականոց տանը, որտեղ բնակվում են 14 հոգով:

«Ձմեռային հագուստներ չունենք: Բացի այդ, հորաքրոջս տանը բնակվելով, բավականին ավելացել է նրանց կոմունալ վճարների չափը: Ամաչում եմ, որ չեմ կարողանում ինչ-որ չափով օգնել նրանց: Ընտանիքի կարիքները հոգալու համար ցանկանում եմ վաճառել գյուղից տեղափոխած մանր ու խոշոր եղջերավոր անասունները, սակայն գնորդները չնչին գումարներ են առաջարկում»,-ասում է Ռամազյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս