«Նրա կողքին մարդիկ վարակվում էին նրա սիրով». Արմեն Ջիգարխանյանի այրի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական մանկավարժ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր ու անփոփոխ ղեկավար Արմեն Ջիգարխանյանը կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացավ նոյեմբերի 14-ին ծանր հիվանդությունից հետո։ Կես դարից ավելի նրա կողքին է եղել կինն ու հավատարիմ ընկերը՝ Տատյանա Վլասովան, որը հանուն արտիստի հրաժարվել է իր դերասանական կարիերայից՝ տաղանդավոր ամուսնու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու համար։ «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում Վլասովան պատմել է, որ Ջիգարխանյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական ամուսնություն է ունեցել որդու հոր՝ Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ։  

«Արմեն Բորիսովիչի հետ ծանոթացա Երեւանում։ Ընտանիքն ընտանիք, բայց ինձ ու Ալեքսանդր Սամսոնովիչին կապում էր քաղաքացիական ամուսնությունը, իսկ Երեւանում ես տեսա այդ հիասքանչ մարդուն (Ջիգարխանյանին), հայտնվեցի նրա անողոք գերության մեջ, եւ նա իմ ամուսինը դարձավ մնացած ամբողջ կյանքի համար։ Մենք ամուսնությունը գրանցեցինք Մոսկվայում, երբ տեղափոխվեցինք, երբ Արմեն Բորիսովիչի մասին իմացավ (խորհրդային հայտնի ռեժիսոր Անատոլի) Էֆրոսը։ Էֆրոսին պատմել էին, որ Երեւանում դերասան կա, որը հիանալի մարմնավորում է Ռիչարդ Երրորդին։ Եվ որոշում էր կայացվել Արմեն Բորիսովիչին Մոսկվա կանչել՝ Լենինյան կոմսոմոլի թատրոն։ Եվ մենք արդեն նրա, ընտանիքի հետ տեղափոխվեցինք Մոսկվա»,- պատմել է Վլասովան։  

Ջիգարխանյանի այրու խոսքով՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո այդ ծանր ժամանակահատվածում ինքը շատ անհրաժեշտ էր ամուսնուն։ «Հավանաբար, մեր մոսկովյան կյանքի սկզբնական շրջանում Արմեն Բորիսովիչն ինչ-որ անվստահություն ուներ, վախ անորոշ ապագայից։ Շատ օրինակներով գիտեմ, որ Մոսկվայում շատ դժվար է ոչ միայն նոր կյանք սկսել, այլեւ հաստատել արդեն իսկ առկա կարգավիճակը։ Դա հաջողվում էր քիչ արտսիտների: Բացի այդ՝ նա հայ է, ուրիշ հանրապետություն, մի խոսքով՝ դժվար ժամանակ էր։ Այդ ժամանակ ես նրա համար մեծ աջակցություն էի, կարիերաս շարունակելու մասին նույնիսկ չէի մտածում, քանի որ հարկավոր էր հարմարվել կենցաղային հարցերում»,- խոստովանել է Վլասովան։

Ջիգարխանյանի հատկությունների մասին, որոնք գրավել են նրա կնոջը, հարցին ի պատասխան Տատյանան չի կարողացել առանձնացնել, թե հատկապես ինչու է նրան սիրել։ «Հազիվ թե կարողանամ ինչ-որ բան առանձնացնել, քանի որ նա այնպիսի խարիզմա ուներ, որում պարզապես ձուլվում ես։ Եվ արդեն կես դար է՝ այդ խարիզմայի գերության մեջ եմ։ Միայն ես չէի զգում դա։ Ջերմ, երբեմն հեգնական։ Զավեշտների սիրագար, առաջին պատմողը ճաշկերույթներևի ընթացքում։

Ինչ վերաբերում է հատկանիշներին… Ինչպե՞ս բացատրել։ Խնդիրն այն չէ, որ նա ինձ լավ էր վերաբերվում։ Եվ ոչ միայն այն, որ նա սիրում էր մարդկանց։ Նա առհասարակ լավ մարդ էր։ Նա սիրում էր կյանքը։ Եվ նրա կողքին մարդիկ վարակվում էին այդ սիրով։

Ես վստահ եմ, որ ծնվել եմ դրական տրամադրվածությամբ, կյանքում ամեն ինչի համար ուրախացել եմ։ Ինձ միշտ ամեն ինչ դուր է եկել, ես կարողացել եմ ամեն ինչում լավը գտնել։ Չէ՞ որ աշխարհում հարյուր տոկոս լավ եւ հարյուր տոկոս վատ ոչինչ չկա։ Պարտադիր կա ե՛ւ սեւ, սե՛ւ սպիտակ։ Բայց ես «սպիտակն» ավելի շատ էի տեսնում, եթե պատկերավոր խոսեմ։ Եվ դրանից միշտ ուրախություն է եղել։ Երբեմն ես նույնիսկ մտածում էի. կարծես թե ոչ մի լավ բան տեղի չի ունեցել, իսկ ես ուրախանում եմ, ես ինչ է, հիմարիկ եմ, որը վատը չի տեսնում։ Ոչ, իհարկե, ես հիմարիկ չեմ։ Իսկ նրա հովանու ներքո դա իմ հատկությունն է (հենց այդպիսի վերաբերմունք կյանքին), ծաղկում էր, աջակցություն ստանում։ Դա ներդաշնակ էր կյանքի նկատմամբ նրա բարի վերաբերմունքին»,- ասել է լեգենդար դերասանի այրին։

--0--ԿԿ