Անավարտ պատերազմ. մեղավորները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

«... դուք մեռոնին թույն կխառնեք»։ 
Վազգեն Սարգսյան, 1999 թ., հոկտեմբեր

Եվ այսպես, պատերազմը մտավ մեր կյանք ու հիմնավորապես տեղավորվեց բոլորիս ինքնագիտակցության մեջ և առօրյայում, բույն դրեց հայոց տան կենտրոնի մեջ` սերնդեսերունդ մնալու վճռականությամբ։ 

Այս պատերազմը չեկավ գաղտագողի (չնայած փաստաթղթով այդպես վերջացավ` գիշերը), այլ իր գալու մասին վաղուց էր հայտարարում, կոչնակում ու զգուշացնում, մինչդեռ հայաստանյան մեծամասնությունը, ինչ֊որ ականջում քնած ձևանալով, երազում տեսնում էր, թե երբ էլ այն սկսվի՝ ադրբեջանցուն հերթական ջարդն է տալու։ Կամ էլ երևի մտածում էր, թե վերջին պահին հայերի համար կխառնվեն օտարները ու մեր տեղը կռիվ կտան, բայց թե «ինչու պարտավոր են անել ուրիշները»  հարցի պատասխանը չկար` նույնիսկ հարց տվողը չկար։ 
Ու էմոցիաներով ապրող և իռացիոնալիզմով տառապող հայրենական դասակարգերը յուր գոյությունն էին քարշ տալիս` որոճելով ունեցածը և դժգոհելով ամեն ինչից, ծափ տալով անպտուղ պոպուլիզմին, երբ թշնամու արկերը` հիմնականում օդից, սկսեցին թափվել մեզ վրա` հաշվված րոպեների մեջ կտրատելով կենդանի ուժի մարմիները, կասեցնելով կյանքերը, հալեցնելով ու ամայացնելով շուրջբոլորն և ամեն ինչ։ 

Մենք բախվեցինք մեր իսկ անկարողությանը։ 

Զգլխիչ պարտությունը ամբողջովին ծածկեց մեզ։ Ողջ ընթացքում երկրի ներսում բլբլթացող ոգևորության աճը հետո պարզվեց, որ ուղիղ համընկնում էր ռազմի դաշտում մեր կրած կորուստների սրընթաց վայրէջքի հետ։ 

Եվ պատմությունը կրկնվում է նրանց համար, ովքեր դասերը վատ են յուրացնում. միայն թե այս անգամ կա մի բացառություն՝ հայոց պատմության մեջ մշտապես թևածում է «ինչու՞ այսպես եղավ և ովքեր են մեղավորները» ձևով անմեղ, բայց էությամբ սահմռկեցուցիչ նախադասությունը։ Այս անգամ այն չկա, քանի որ մեղավորների դժգույն էությունը այնքան ակնհայտ է, ինչպես օրվա բացվող լուսաբացը և իջնող մայրամուտը։ 

Հայկական գերժամանակակից արհավիրքի պատասխանը մեկ անուն ունի և հասցե` Նիկոլ Փաշինյան և վարչակազմ, իսկ ավելի կարճ մեր կողմից բազմիցս օգտագործված «Nikol & Company» անվանումը։ 

Մինչև սույն սուբստանցիայի՝ 2018 թվականին կառավարական աթոռներին մագլցելը Հայաստանում, հատկապես նախորդող վերջին տարիներին, շատ բան վատ էր։ Հիասթափությունը, գաղջ մթնոլորտը, արտագաղթը և այլ արատներ ահագնացող թափ էին հավաքում, իսկ հարցերը չէին լուծվում` խորանում էին։ Չնայած այս ամենին՝ երկրում դժգոհության զրույցները սկսվում ու ավարտվում էին համատարած կոռուպցիայի, հովանավորչության, արտոնյալների խավի, անբարո մթնոլորտի, քրեական տարրերի, տգեղ ու տգետ պաշտոնյարների, զոռբա օլիգարխների և նման բաների շուրջ։ Բայց կային երկու կարմիր գծերը` այն է հայկական բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում,  մենք անշրջելիորեն հաղթել ենք Արցախյան պատերազմում, և որ Ղարաբաղը մերն է հիմա ու միշտ։ Սա անքննարկելի քաղաքական և հանրային «սրբություններ»  էին, որոնց քանդվելը բացառվում էր։ Երեսուն տարի Ղարաբաղն ու բանակը անկախ հանրապետության ֆունդամենտի հիմնաքարերն էին։ 

Նիկոլ Փաշինյանն այս արժեքների հետ որևէ կապ երբևիցե չի ունեցել, մոտիկ չի եղել նրանց ստեղծմանն և կայացմանը, դույզն իսկ աղերս չի ունեցել նրանց հետ կապված գործընթացներին։ Նրա վաստակը եղել է միայն քննադատելը, պախարակելը։ Իր բարդույթավորված հպարտությունն և պառակտիչ, սադրիչ, խառնակիչ էությունը յուր ծիլերն է առնում դեռևս լրագրության վաղ շրջանից։ 

2018 թվականին իշխող էլիտայի ճահճացումը հասել էր հատակին, և տեղի ունեցավ իշխանափոխություն, որի արագությունն հագեցած էր բազմաֆունկցիոնալ դավադրություններով։ 

Նստելով գլխավոր աթոռին՝ լրագրող֊պատգամավոր֊վարչապետը հիմքը դրեց հանրային պառակտման և պետության կազմաքանդման. սև ու սպիտակ, նախկիններ և ներկաներ, վարկաբեկման լայնածավալ գործընթաց սկսվեց պատերազմի և բանակի գլխավոր դերակատարների, գեներալների ու քաղաքական լիդերների դեմ` տալով նրանց տարբեր որակումներ, կպցնելով պիտակներ, մյուս մասին էլ մատնելով մոռացության։ Չընտրվեց անկախությունից ի վեր մեր ունեցած լավը, և մատնանշվեց միայն վատը` փոխարենը իշխանության նոր եկած թիմը ոչ մի արժեքավոր բան չստեղծեց և արագ բացահայտեց կառավարման ունակության իմպոտենցիան։ Եվ մինչև ամուլ ամբոխավարությունը այսահարում էր Հայաստանը` Ադրբեջանը 1994 թվականի պատերազմում իր ջարդած գլուխը բուժել էր ու մեր դեմ թույնի մեծ դոզա ինքն իրեն ներարկած՝ պատրաստվում էր պատերազմին։ 

Ի՞նչ արեց Նիկոլն այս ընթացքում և դրա դիմաց։ Կարճ ասած. հրահրեց պատերազմը, թուլացրեց թիկունքը, զրոյացրեց կարող ուժերի համախմբման հնարավորությունը, չպատրաստեց բանակը՝ միայն շտկելով բուֆետների վիճակը, որը հերթական պոպուլիստական քայլն էր և տապալեց ռազմամթերքի ճշգրիտ գնումն ու սպառազինության անհրաժեշտ հագեցվածությունը, չպատրաստեց ժողովրդին ու պետությանը լայնածավալ, երկարատև ու դաժան պատերազմին։ Իր կադրային սխալական մոտեցումը բերեց բանակ, ինչը աղետ եղավ պաշտպանական գերատեսչության համար ի դեմս նախարար Տոնոյանի, նրա տեղակալների, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և առավել ևս նրան փոխարինած Օնիկ Գասպարյանի նշանակումներով։ 

Նիկոլը Ալիևին Ղարաբաղին հարվածելու բացառիկ նպաստավոր հնարավորություն տվեց։ Ստանձնելով պետության ղեկը՝ Փաշինյանը այրեց տարիներով հաստատված դիվանագիտական գծերը` կոյուղու մակարդակի իջեցրեց արտաքին հարաբերությունների ամբողջ բլոկի աշխատանքը։ Նա հենց սկզբից մերժվեց ԱՄՆ֊ի, Եվրամիության ու ամբողջ Արևմուտքի կողմից և այս ֆոնի վրա հասցրեց փչացնել հայ֊ռուսական կապերը, ինչը վճռական դեր խաղաց հայկական պարտության հարցում։ Նիկոլը Ալիևի հետ շփումներում ցուցաբերեց վերամբարձ մեծամտություն` թույլ տալով կոպտագույն սխալներ, այն է` երկու անգամ հայտարարեց, որ կոչով կդիմի Ադրբեջանի ժողովրդին ալիևյան կլանը տապալելու համար ու ադրբեջանցիների ղեկավարին ասաց, որ սկսում է մաքուր էջից՝ ի չիք դարձնելով 1990 թվականից տեղի ունեցած բոլոր գաղտնի ու ակնհայտ բանակցությունները։ Սրա հետ մեկտեղ հեղափոխական լրագրողը Ղարաբաղի հարցում տարբեր և իրար հակասող հայտարարություններ արեց. Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Մինսկի խմբի ձևաչափը պետք է պահպանվի, Արցախը Հայաստան է վերջ ու նման լիրիկական զեղումներ։ 

Կովկասում իրենց շահերը հետապնդող պետությունների համար Նիկոլը դարձավ ուղղակի գտածո` հատկապես թուրք֊ադրբեջանական ալյանսի համար։ Նրանք անվրեպ հաշվարկ կատարեցին` վերլուծելով և հասկանալով, որ ԱՄՆ֊ում պրեզիդենտական ընտրություններով ստեղծված գերլարված վիճակը, Եվրոպայի թուլացվածությունը, Հայաստան֊Ռուսաստան տանդեմի փչացած հարաբերությունները, Իսրայելի ռազմական միջամտության շահը և Իրանին հանկարծակիի բերելու հնարավորությունը և, որ ամենակարևորն է, Նիկոլ Փաշինյանի կառավարական դիլետանտիզմն ու նրա կողմից պետության կազմաքանդված, բզկտված վիճակը, ռեսուրսների սակավությունը։ Եվ Էրդողանը ամբողջ հասակով մտավ Կովկաս` սկսելով կովկասյան և միջինասիական մեծ խաղը, թուրանական արշավանքը։ 

Պատերազմի առաջին իսկ պահից մենք տանուլ էինք տալիս, և դրա վառ ապացույց էին ոչ միայն ավերիչ բայրաքթարները, այլև աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ խոշոր խաղացողների դե ֆակտո լուռ մոտեցումն և ներքին խայտառակ անկազմակերպվածությունը, համախմբման անկարողությունը, թուլությունից եկող մուննաթն, բոլորի վրա մեղքը բարդելն ու պատասխանատվությունից խուսափելը, անորակ, պլեյբեյական մակարդակի կոչերից բացի ոչինչ չանելը և այլ դեգեներատիկ դրսևորումներ։ 

Նիկոլը մերկությունն նրանում էր, որ չուներ Ղարաբաղի հարցի լուծման կոնցեպցիա և պետությունը կառավարելու պետական գործչի արժանիքներից իսպառ զրկված էր։ Սա ի սկզբանե էր պարզ, բայց որ նա քաղաքական տգետ է ու դրան զուգահեռ ունի անսահման և չհիմնավորված փառամոլություն` իրեն ազգի խոնարհ ծառա հռչակած ժողովրդական վարչապետը լիովին բացահայտեց պատերազմի ողջ ընթացքում։ 

Մինչդեռ լուծումը շատ պարզ բաների մեջ էր։ Նիկոլը, ժամանակին լինելով ՀՀ առաջին նախագահ Տեր֊Պետրոսյանի կողմնակիցը, ում հետո նա ուրացավ իրեն բնորոշ մանրախնդիր ոճով, կարող էր որդեգրել տեր֊պետրոսյանական խաղաղության բանաձևն, որն այսօր ապացուցեց իր ողջամիտ և շահավետ լինելու փաստը և, հենվելով իր բարձր լեգիտիմության վրա, գնար Արցախի հարցի խաղաղ կարգավորման ճանապարհով` չեզոքացնելով պատերազմի սպառնալիքը, պահպանելով բուն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, Արցախի հայկական մնալն և ցամաքային կապը Հայաստանի հետ։ 
Իսկ եթե ընտրել էր ոչ թե «խաղաղություն տարածքների դիմաց», այլ «խաղաղություն կարգավորման դիմաց» այսպես կոչված փուլային տարբերակը, որ պատերազմ է նշանակում, ապա պետք է տաներ Հայաստանը բանակային մոդելի պետության զարգացման ուղիով ու մինչև վերջ կռվելու կամք ունենար։ Որովհետև չես կարող հայտարարել, որ սա Հայրենական պատերազմ է, նոր Ավարայր ու Սարդարապատ է և չկարողանաս մոբիլիզացնել 18֊ից 50 տարեկան կռվելու ընդունակ ողջ տղամարդկային ռեսուրսդ ու ճիշտ կառավարել Հայաստանի և Արցախի բանակները։ Այս երկուսի ներուժն միասին մոտ կամ ավել 200.000 մարդ է կազմում։ Եվ Հայաստանը անառիկ պահելու ու Արցախը փրկելու համար մենք պիտի պատրաստ լինեինք 20.000֊30.000 զոհտալուն, տարբեր տակտիկաներ կիրառելուն, երբեք չհանձնվելուն ու արյունաքամ լինելուն, բայց մինչև վերջ գնալուն։ Պոպուլիստ վարչապետը ո՛չ խաղաղության ճանապարհով ունակ եղավ քայլելու, ո չ պատերազմի արահետին կարողացավ արժանապատիվ  կանգնել։ Նա նախընտրեց պատերազմը` բերելով ստորացուցիչ կապիտուլյացիա։ Իր հանցավոր արկածախնդրությամբ «հպարտ» հեղափոխականը Հայաստանին հասցրեց այնպիսի հարված, որի աղետալի ծանրությունը ուղղակի անհաշվելի է, որը անկանխատեսելի էր նաև Ադրբեջանի համար։ Ադրբեջանը ամենապայծառ երազում չէր կարող տեսնել այսպիսի հաղթանակ ու հաջողություններ, իսկ մենք՝ հայերս,  մեր ամենավատ մղձավանջում չէինք պատկերացնում նման սցենարի կյանքի կոչվելը։ Սա մեզ հետ շպրտեց 32 տարվա կտրվածքով, սակայն այժմ նաև չունենք այդ ժամանակների առաջնորդների կազմը, ինտելեկտուալ ներուժը, հերոսական ոգեղենությունը, համազգային միասնությունը, մշակութային ինքնագիտակցությունը և շատ բաներ, որ կային ու հիմա չկան։ Բայց սա դեռ «пол беды»: Փաշինյանական հանցավորության կուլմինացիան սկսվել էր դեռևս պատերազմից առաջ, երբ գլխավոր շտաբի պետ Գասպարյանը նրան զգուշացրել է, որ նախապատրաստվում է պատերազմ երկու թևով` երեք ուժերի դեմ. թուրքական ռազմական միտք ու ինստրուկտաժ, Մերձավոր Արևելքից (հիմնականում Իդլիբ) Ադրբեջան տեղափոխվող ծայրահեղական ահաբեկիչներ ու ադրբեջանական բանակ, որի դեմ մենք ի զորու չենք երկար դիմանալ։ Ասվածը անտեսվեց և փոխարենը բեմադրվեց տավուշյան մի քանի օրվա մարտերի հաղթական տրիումֆի կեղծ ու շքեղ ցուցադրությունն Սարդարսպատի հուշահամալիրում, որը բացասական էր, թե ինչպես երևույթ, թե ինչպես ռազմաքաղաքական ակցիա։ Եղածի քաշը շատ ավելի փոքր էր, քան բեմադրվածի մասշտաբը։ Եվս մեկ անգամ իջեցվեց Ազգային Հերոսի կոչման նշանակությունը։ 

Սրանից հետո` ամիսներ անց, սկսվեց պատերազմը, որի առաջին իսկ օրերին Նիկոլին ներսում ասվել է, որ շանս չկա հաղթելու, իսկ դրսից առաջարկներ են եղել որոշակի զիջումների գնալով պատերազմը կանգնեցնել՝  այս բոլորը մերժվել է Փաշինյանի կողմից, կամ տրված համաձայնությունները ուշացած են եղել։ Սրան զուգահեռ պարզվում է, որ ռազմաճակատում ունեցել ենք էական կորուստներ և նահանջ, մինչդեռ հանրությանը հրամցվում էր չեղած հաղթանակների ու հաջողությունների միֆը։ Լիակատար ու պաթետիկ շիզոֆրենիա։
Կատակլիզմը արձանագրվեց նոյեմբերի 9֊ի գիշերը՝ 10֊ի առավոտյան։ Ժողովրդի հետ Ղարաբաղի հարցում ստորագրություն դնելուց առաջ խորհրդակցելու խոստում տված պոպուլիստ ղեկավարը գիշերային քողի տակ, գաղտագողի արձանագրեց Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կորուստը` Հադրութի շրջանով ու Շուշիով,  ներառյալ և Հայաստանի հարավում` Մեղրիում տալով թշնամուն էստակադային ճանապարհ։ Հայրենիքը նետվեց խորը ու լայնածավալ վտանգի մեջ։ 

Եվ այսքանից հետո Նիկոլն ու իր թիմը փոխանակ ապաշխարեն և անհետանան հայկական ասպարեզից՝ շարունակում են մատ թափ և կառավարելը շարունակելու պնդաճակատություն դրսևորել։ 

Աղետածին վարչակազմի կապիտուլյանտ ղեկավարը կոչ է անում համախմբվել իր շուրջը։ Ինչի՞ համար։

Այն կառավարչակազմի ղեկավարը, որի կառավարումը ձախողեց իր իսկ կողմից հայտարարած թալանչիների թալանածի հետ բերումը, իր իսկ կողմից հռչակած նախկին հանցավորի դատապարտումը, մարտի մեկի գործը, չգնաց Հոկտեմբերի 27֊ի բացահայտմանը, չլուծեց Ամուլսարի հարցը, փակեց Հայաստան ներդրումների հոսքի հնարավորությունը, կործանեց արտաքին քաղաքականության ամբողջ կորպուսը, պառակտեց հասարակութունը, չվերականգնեց արդարադատությունը, աղբ թափեց վերջին երեսուն տարվա մեր պատմության վրա, Եկեղեցու հետ մտավ կոնֆլիկտի մեջ, վարկաբեկեց ինչ կարող էր` նոր, իմաստավոր որևէ բան չստեղծելով, չզսպեց համավարակը` չպահելով կարգապահությունը, Ղարաբաղի հարցում գնաց արկածախնդրության` տալով հազարավոր զոհեր, ստելով օրվա տվյալները հաղորդելիս ու կորցնելով Արցախն և ապահովելով համազգային ստորացումը։ Կրկնում եմ, Նիկոլը դարձավ նվեր Ադրբեջանի ու Հայաստանի մնացյալ բոլոր թշնամիների համար։ Ու հիմա հոխորտում, թափ է տալիս աջ ու ձախ` բոլորը մեղավոր են բացի իրենից։ Նախանձելի անպատկառությամբ շարունակում է Հայաստանի կործանումը։ 

Ասենք այսքանից հետո Նիկոլի հետ ու՞ր ենք գնում, դե՞պի պայծառ ապագա։ Լու՞րջ եք ասում։ 
Փաշինյանը ենթակա է ռազմական տրիբունալի և իր  հետ միասին արդեն որակազրկված պաշտոնաթող Տոնոյանն ու պաշտոնավարումը շարունակող, մեղմ ասած, անդեմ Օնիկ Գասպարյանը։ 

Հայաստանն այսօր առավել քան պատերազմի ժամանակ կամ երբևէ խրվել է համապարփակ ճգնաժամի մեջ,  և առաջին հերթին երկրում բանականության կրիզիս է։ Իշխանության անարժան կա ռավարման երկարումը Հայաստանի վերջնական թաղման առհավատչյան է։ 

P. S. 2018 թվականի սեպտեմբերից եղել եմ Նիկոլի ու իր վարչակազմը անշեղ քննադատը, բայց նաև այդ ժամանակից սկսած անդադար պնդել եմ, որ Հայաստանում օր առաջ պետք է ձևավորվի նախկինների ու ներկաների կորագծից դուրս ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ, որը հիմնված կլինի 1988 թվականի Շարժման գաղափարների վրա, կլինի հայ նոր քաղաքական մտքի կրողը` ձևով հարվածային, էությամբ` ինտելեկտուալ։ Ցավոք այս ուժի այսօր չլինելը ի դերև հանեց ներքին զսպանակների և դիմադրության չգոյությունն ու թուլությունը և այս միավորի ստեղծմամբ է պայմանավորված լինելու Հայաստանի ու Արցախի արժանապատվության վերականգնումը։ 

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ