Հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև իր՝ վարչապետ դառնալու հավակնությունների մասին ասեկոսեներին: Թեմային վերաբերող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց - Հանրության մի լայն շերտ կարծում է, որ Դուք հավակնություններ ունեք՝ վարչապետ դառնալու, մի շերտ էլ հենց ինքն է առաջադրում Ձեր թեկնածությունը՝ ելք գտնելու համար: Դուք այդպիսի հավակնություններ ունե՞ք:

Արմեն Սարգսյան - Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ և, երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից, և բախտավոր եմ, որ այսօր ձեզ հետ եմ այստեղ:

Նախ՝ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող է: Ես հանրապետության նախագահն եմ և, նույնիսկ խորհրդարանական երկրում, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն՝ աջակցելու համար: Նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, որն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ: Մենք խոսում ենք, որ Ղարաբաղի հարցի լուծման համար լավագույնը Մինսկի խմբի հարթակն է, որովհետև դիվանագետները, պետության ղեկավարները գալիս էին և բանակցում սեղանի շուրջ՝ հակադրելով դա պատերազմին: Հիմա մեր երկրի ներսում նույնն ունենք: Ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ:

Երկրորդ՝ այդ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով: Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ: Սակայն ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում. ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է: Դա կա ցանկացած հայի մոտ, և ինքներդ համոզվեցիք նաև Հորդանանում, նույնն է նաև Մոսկվայում, Կալիֆորնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ Հայաստանում և ունենք ընդհանրապես Հայաստանի հետ կապված ճգնաժամ դրսի հետ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև մեր երկրի և մեր ազգի կերպարն ու պատկերը շատ դրական չէ ներկայումս: Մենք տանուլ ենք տվել նաև հանրային պատերազմը, և հետևաբար, եթե 1994 թվականին ունեինք աշխարհ, որը շատ բարյացկամ էր վերաբերվում մեզ, մեր խնդիրներին և ղարաբաղյան պայքարին, ապա այսօր այդպես չէ, որովհետև մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են, իսկ մենք այդ գործը չենք արել:

Հետևաբար, հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին,  պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել:

Իմ խնդիրը ուրիշ տեղ է: Ես կարծում եմ, որ իմ պոտենցիալի ընդամենը 5, 10 տոկոսն եմ կարողանում օգտագործել իմ երկրի համար՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, լինի դա համագործակցության հանդեպ իմ գործընկերների ոչ բաց լինելու պատճառով․․․ Հիմնական պատճառները սրանք են, կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում եմ շատ քիչ: Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել, իհարկե, աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս