Ուղղելու ենք մեր մեջքը, ոտքի կանգնեցնենք Նիկոլի ծնկի բերած Հայաստանն ու Արցախը. Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

արտակ զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ Նիկոլը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասում է, որ հայ հասարակության մեծամասնությունը չի աջակցում ընդդիմության պահանջներին, երևի ուզում է «փաստել», որ մարդիկ իբրև համակերպվել են իր կապիտուլյացիայի հետ: Դա այդպես չէ: Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, ծանր հարվածներն ու կորուստները դեռ իրենց զգացնել են տալու:

Այն, ինչ բերեց Նիկոլը մեր պետության ու ժողովրդի գլխին, ոչ մի կերպ համակերպվել չի լինելու: Ես հավատում եմ մեր ժողովրդի կենարար ուժին, նրա իմաստությանը: Մենք ուղղելու ենք մեր մեջքը, գոտեպնդելու ենք մեր ոգին և ոտքի ենք կանգնեցնելու Նիկոլի ծնկի բերած Հայաստանն ու Արցախը: Մենք թույլ չենք տալու, որպեսզի մեր թշնամիները երկար «վայելեն» իրենց վայրենի խրախճանքը: Փոխվում է աշխարհը, փոխվում են նաև նրա պահանջները:

Մենք նորից գտնելու ենք աշխարհում մեր արժանի տեղը, ամուր կանգնելու ենք մեր իրական(բնական) դաշնակից ու բարեկամ երկրների կողքին: Հայ-ռուսական անքակտելի հարաբերությունները շարունակելու են ամրապնդել Հարավային Կովկասում Հայ ժողովրդի անվտանգության ու հարատևման բոլոր բաղադրիչները: Մեզ զարգացման, վերելքի ու առաջընթացի նորանոր հնարավորություններ են ընձեռնվելու: Դա մեր ժողովուրդն անելու է առանց Նիկոլի դիլետանտների, առանց “դըմփ-դըմփ-հու”-երի, առանց հանրային զգոնությունը բթացնող ու ներքին ատելություն սերմանող ապազգային տարրերի:

Նիկոլի ապիկար, ապաշնորհ ու դավաճանական իշխանության դառը պտուղները երկար ժամանակ են հիշվելու, և ուզում եմ հավատալ, որ այլևս երբևէ չեն կրկնվելու ապագա Հայաստանում ու Արցախում: Այս 2,5 տարիները դառը դաս են լինելու, որից հետևություններ պետք է անի Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:

Երիցս իրավացի է Պարույր Սևակը.

«…Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:

-Ո՛չ գանգում,

Այլ մեր վերքերո՜ւմ» »:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս