Արմեն Սարգսյանը պատմել է, թե ինչ է առաջարկով է իրեն դիմել British Petroleum-ը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

արմեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է սոցիալական հարթակներում իր անվան շուրջ հյուսվող միֆերին: Թեմային վերաբերող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

Հարց - Հիմա, երբ բոլորս մեղավորներ ենք փնտրում, Ձեր անունը հաճախ շրջանառվում է սոցիալական հարթակներում և տարբեր միֆերի հետ է կապվում: Գուցե պարզաբանե՞ք դրանցից որոշները:

Արմեն Սարգսյան - Ե՞ս պարզաբանեմ ուրիշներին: Ո՛չ, թող միֆերի հեղինակները պարզաբանեն այդ միֆերը: Սակայն եթե հարցը հնչեցրել եք, և, հաշվի առնելով նաև հետաքրքրությունը, փորձեմ պատասխանել:

Անձնապես ես բացարձակապես անտարբեր եմ այդ միֆերի և դավադրապաշտության տեսությունների նկատմամբ: Ճիշտն ասած՝ բացարձակապես չեմ կարդում դրանք, միայն իմ գործընկերները երբեմն զեկուցում են: Թեմաներն անընդհատ կրկնվում են: Եթե Ձեզ հետաքրքրիր է՝ մի երկուսի մասին կարող եմ ասել, որ թեման փակվի: Թեմաներից մեկը իմ հարաբերությունն է BP-ի (British Petroleum) հետ: Իմ հարաբերությունները BP-ի հետ շատ պարզ են․ 2000-ականների սկզբին, երբ առողջությունս վերականգնեցի և այլևս պետական ծառայող չէի, ազատ մարդ էի, զբաղվում էի գործարարությամբ, ինչպես նաև ակադեմիական կյանքով, Քեմբրիջի համալսարանում իմ կենտրոնն ունեի, նաև խորհրդատվական ծառայություններ էի մատուցում:

Տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, միաժամանակ այդ տարիներին նաև գլոբալ էներգետիկ  խորհրդի հիմնադիրն էի, հետո՝ նախագահը: Այդ խորհուրդը գործում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Երեք տարի լինելուց հետո ուրիշ նախագահներ եկան: Ինչ-որ իմաստով մասնագիտացած էի ժամանակակից տեխնոլոգիաների, տելեկոմի և էներգետիկայի ոլորտներում, և BP-ին ինձ առաջարկեց աշխատել իրենց հետ մեկ կոնկրետ ծրագրի շրջանակներում: BP-ն ծրագիր ուներ գնել ռուսական նավթային հսկա ТНК ընկերությունը: Նախ և առաջ, ես ճշտեցի մեր ռուս գործընկերների հետ, նրանք մեծ ցանկություն ունեին, ուրախ էին, որ ես պետք է լինեմ հենց այդ բանակցող-խորհրդատուն: Ես չէի բանակցում կոմերցիոն իմաստով, խոսքը քաղաքական տարրի մասին է: Ես լծվեցի այդ գործին: Ընդ որում իմ պայմանագիրը շատ հստակ ասում էր, որ ես միայն ա՛յդ հարցով եմ իրենց հետ աշխատում, իմ պահանջով այդ պայմանագրի մեջ հատուկ կետ մտցվեց, որ որևէ մեկն ինձնից չի կարող նույնիսկ կարծիք հարցնել Կովկասի մասին, որովհետև ես այդտեղ շահերի կոնֆլիկտ ունեմ: Այսինքն՝ ես չեմ կարող անկողմնակալ կարծիք տալ, որովհետև հայ եմ, և Հայաստանն ինձ համար ամեն ինչից վեր է: Եվ որևէ մեկը նույնիսկ չի փորձել: 1-2 տարվա աշխատանքի արդյունքում՝ ոչ միայն BP-ի, այլև ռուսական կողմի հետ, ներառյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, մենք հաջողությամբ ավարտեցինք: Պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականի հունիսի 23-ին, ռուս-բրիտանական մեծ բիզնես ֆորումի շրջանակում: Այն ժամանակ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Այդ ֆորումին, ստորագրմանը ես ներկա էի, ներկա էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, նաև BP-ի ղեկավարությունն ու ТНК-ի Միխայիլ Ֆրիդմանը, Վեքսելբերգը, Լեն Բլավատնիկը և մյուսները: Այդ օրը հաջողությամբ ավարտվեց, և դրանով ավարտվեց իմ գործունեությունը BP-ի հետ:

Մնացածը հիվանդագին, շատ ցանկալի, ֆինանսավորված ցանկությունների արդյունք է՝ կապել դա ինչ-որ բացարձակ հիմարությունների հետ:

Մյուսը վերաբերում էր իմ մասնակցությանը Եվրատլանտյան անվտանգության խորհրդի աշխատանքներին: Դա նորից 17 տարի առաջ էր, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ստեղծեցին հատուկ հանձնաժողով, որը աշխատեց 2.5 տարի: Դրա նպատակն էր տեսնել, թե ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, ինչպիսի մարտահրավերներ: Այդտեղ ավելի քան 30 մասնակիցներ կային, որոնց մեջ էին Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին արտգործնախարարներ, ռուսական արտաքին հետախուզության ղեկավարը, ռուսական գլխավոր շտաբի ղեկավարությունը, գեներալներ, որոնք մասնակցել էին Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական  զենքերի կառավարման պայմանագրերի ստեղծմանը: Նույնն էլ ամերիկյան կողմում էր: Եվ տարբեր տեղերից պրոֆեսիոնալների էին հրավիրել: Ինձ հրավիրել էին որպես պրոֆեսիոնալի: Ես հրավիրվել էի որպես անձ: Եթե հայ ես, գուցե նաև մի քիչ էլ հպարտ լինես, որ քո նախկին վարչապետը հրավիրվել  է որպես մասնագետ և էներգետիկ անվտանգության գծով մասնակցում է այս ժողովներին:

Ինչ-որ մարդիկ ժամանակ և փող են դրել, գնացել գտել են, որ այդ հսկայական քանակով փաստաթղթերի մեջ կա մի փաստաթուղթ, որը գրել էր խմբի անդամներից մեկը, որ Թուրքիայից էր, նախկին արտգործնախարարն էր` Հիքմեթ Չեթինը: Նա շատ հետաքրքիր մարդ էր, ծագումով՝ քուրդ: Չեթինն իր անձնական կարծիքն էր այդտեղ գրել, որ՝ կարծում է՝ Թուրքիան ապագայում կայսերական հավակնություններ է ունենալու և ուզենալու է ավելի մեծ դեր ունենալ տարածաշրջանում: Սա անձնական կարծիք էր: Մարդիկ, ովքեր գտել էին դա, մեկնաբանել էին, թե՝ տեսեք, պարոն Սարգսյանն այս բոլորի հետ միասին․․․Դավադրության տեսություն, չգիտեմ ինչ... Դա աբսուրդ է, իհարկե: Իրականությունը հետևյալն է՝ մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք 10-15 տարվա ապագային միտված ցանկացած վերլուծության, քանի որ, ցավոք սրտի, պարոն Չեթինի այդ փոքրիկ հոդվածն իրականություն դարձավ, և մենք դրա զոհերից մեկն ենք: Եթե ուշադրություն դարձնեինք ժամանակին, եթե ամեն տարի հսկայական տեմպերով աճող թուրքական վտանգը տեսնեինք, գուցե այս պատերազմին ավելի լավ պատրաստված լինեինք:

Ես աշխատել եմ և՛ ֆրանսիական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ չինական, և՛ հնդկական ընկերություններում: Կարող են որոշել, որ ես բոլորի լրտեսն եմ:

- Մի՛ հուշեք:

Արմեն Սարգսյան - Եթե ազատ ժամանակ ունեն... Ցավում եմ, որ այդ ամբողջ եռանդն ու էներգիան, դրամը ծախսում են միայն մի նպատակով՝ մեր երկիրն ապակայունացնելու համար: Եթե վերլուծենք, թե ինչ խմբեր կան այստեղ, ապա շատ հստակ է, որ կա մի խումբ, որը նմանատիպ գործողություններով, լրատվական սուտ տարածելով, փորձում է իրենց արածն ու չարածը, իրենց պատասխանատվությունն ու սխալները բարդել ուրիշների վրա: Սա՝ մեկ: Մեկ ուրիշ խումբ փորձում է ինչքան հնարավոր է ապակայունացնել և կեղտոտ ջրերում ձուկ որսալ: Այդ «ձուկը» կարող է լինել իշխանություն, ատելություն, վրեժ կամ այլ «փոքրիկ ձկնիկներ»: Երրորդ խումբն իրականում մեր թշնամիներն են, որոնք վերցնում են այս աղբը, հետո՝ բազմացնում: Խոսքը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի մասին է: Նրանք բազմացնում են և տարածում մեր մեջ: Այն փոքր սուտը, որն իրականում աղբ է, դառնում է հսկայական քանակությամբ աղբի սար: Դրանից հետո կա չորրորդ խումբը, որն այսպես կոչված միջազգային փորձագետներն են՝ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Եվրոպայից, Ռուսաստանից, Թուրքիայից, և որոնք, քանի որ ինֆորմացիայի կարիք կա, և այդ ինֆորմացիան հենց նույն «Ֆեյսբուք»-ում է, վերցնում են այդտեղից, վերլուծում են ու հետևություններ անում և որպեսզի ցույց տան, թե ինչքան կարևոր լրագրող են, քաղաքական վերլուծաբան, ներկայացնում են հանրությանը: Իրականում կնիք են դնում աղբի վրա՝ պաշտոնականացնելով այն:

Որպես նախագահ ես շատ եմ ցավում, որովհետև մենք պարտվել ենք տեղեկատվական պատերազմում: Պարտվել ենք ամեն տեղ: Նույնիսկ Հորդանանում մարդիկ բողոքում էին, որ արաբալեզու «Ֆեյսբուք»-ը լցված է հակահայկականով, որն, իհարկե, սարքվում է Բաքվում և Անկարայում: Եվ մենք չկանք այդտեղ: Մենք տանուլ ենք տվել տեղեկատվական պատերազմը ոչ միայն արաբական աշխարհում, այլև պարտվել ենք ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ մեր ամենամոտ բարեկամական երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում, ինչն ընդհանրապես անընդունելի է: Սա շատ ցավալի է, և մեր պատերազմը դեռ շարունակվում է, մանավանդ տեղեկատվական ոլորտում: Կարծում եմ՝ սրան պետք է և՛ գնահատական տրվի, և՛ պետք է վերլուծվի, թե ինչու ենք մենք ամեն օր պարտվում տեղեկատվական պատերազմում:

Ես պնդում եմ, որ մենք Հայաստանում ապրում ենք երևակայությունն ու իրականությունն իրար խառնելով: Եվ սա հիմնական պատճառներից մեկն է: Ասում ենք՝ ունենք լավ բանակ, բայց իրականում չունենք, ասում ենք՝ ունենք ՏՏ, բայց չունենք, ունենք տեղեկատվական համակարգ, բայց չգիտեմ, ունե՞նք, թե չէ, որը կհամապատասխանի 21-րդ դարին: Ես հարց ունեմ Ձեզ՝ ի՞նչ եք կարծում, մենք ազատ մամուլ ունե՞նք, թե ոչ: 1996 թվականին, երբ ես վարչապետ դարձա, առաջին բաներից մեկը, որ արեցի, մենք ունեինք տեղեկատվության նախարարություն, այդ նախարարությունը փակեցի նախագահ Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցնելով: Նախարարն իմ մոտ ընկերն էր՝ Հրաչիկ Թամրազյանը ( Հրաչիկը որոշ ժամանակ ինձնից նեղացավ, բայց ես շատ եմ ցավում, որ իրեն կորցրեցինք, քանի որ այսօրվա ժամանակներում նա այն մարդկանցից էր, որ պետք է լիներ, որովհետև մարդ էր, ով իր միտքը պարզ ասելու, խոսելու ուժ ուներ): Նպատակը հետևյալն էր՝ որ մամուլը լինի ազատ: Իսկ այսօր մենք ազատ մամուլ ունե՞նք, թե ոչ: Խնդրեք Ձեր կոլեգաներին, թող ինձ պատասխանեն, բայց անկեղծ:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս