Զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացվում Մարտունիում և Մարտակերտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ իրականացնել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս-Թալիշ ուղղություններում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով՝ Շուշիի հատվածներում արդեն ավարտվել են որոնողական աշխատանքները։

«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում Մարտունի, Մարտակերտ, Մատաղիս-Թալիշ ուղղություններում, իսկ հաջորդ ուղղությունը լինելու է Ֆիզուլին և Հադրութը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում, թույլտվություն ունենալու դեպքում կսկսենք որոնողական աշխատանքները»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում նույնպես իրականացվում են որոնողական աշխատանքներ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։

Արցախի փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։

--00--ԱՀ