Սենատի բանաձևը ողջունելով՝ պետք է կենտրոնանալ պարտության հետևանքների հաղթահարման վրա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News  

Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ Ֆրանսիայի Սենատը ընդունեց կարևոր բանաձև, որով երկրի Կառավարությանը առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, զուգահեռաբար դատապարտելով թուրք-ադրբեջականակն տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։

Արցախի ազատագրման և ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձևը առաջինն է իր ձևի մեջ, և կարևոր իրավական նախադեպ է ստեղծում։ Այն նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր ձեռքբերումն է, մանավանդ հաշվի առնելով Ֆրանսիայի տարածքում պրո-թուրքական ուժերի բուռն և կոպիտ հակազդեցությունը վերջին երկու ամիսների ընթացքում;

Դրանով հանդերձ, պետք չի նաև գերագնահատել այս բանաձի կարևորությունը։ Նախ, այն դեռ պաշտոնական ճանաչում չի Ֆրանսիայի կողմից, այլ առաջարկ է Կառավարությանը, և դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, անհայտ վերջնարդյունքով։ Սակայն եթե նույնիսկ ի վերջո Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, պետք է հիշել, որ իրականությունը Արցախում պայմանավորվում է այնտեղ ձևավորված ռազմաքաղաքական ուժերի փաստացի հաշվեկշռով, և ոչ թե այսպիսի բանաձևերով։ Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո, այդ հաշվեկշիռը բնավ մեր օգտին չի, և դեռ երկար ժամանակ ու ջանք է պահանջվելու, որպեսզի այն սկսի փոփոխվել։

Ուստի այս պահին, ընդունելով Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևն ի գիտություն և ողջունելով այն, մեզ պետք է կենտրոնանալ պարտության հետևանքների հաղթահարման վրա՝ ձևավորել կոմպետենտ, իրատես և հանրային լայն վստահություն ձևավորող իշխանություն, վերականգնել տնտեսությունը, արդիականացնել և ապագայի պատերազմներին պատրաստել բանակը, վերակառուցել մեր դիվանագիտական հարաբերությունների խարխլված համակարգը։ Այդ դեպքում, գուցե իրական ուժային հաշվեկշիռը տեսանելի ապագայում փոխվի մեր օգտին, և Ֆրանսիայի Սենատի և նմանատիպ որոշումներն էլ իրավական հիմք հանդիսանան՝ վերախաղարկելու իրավիճակը մեր օգտին։ Մինչ այդ, բոլորիս կամք ու տոկունություն եմ ցանկանում»։

 
 --00—ՄՀ