«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News  

ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: 

«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ  կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը:

«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի գործընկերների հետ աջակցություն է ցուցաբերվում հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք է բերվել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։

«Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին:  Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին:  Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

 

 --00—ՄՀ