Կոսաչովը մեկնաբանել է Արցախի ճանաչման վերաբերյալ ֆրանսիական Սենատի բանաձևը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News   

Կոսաչով

Ֆրանսիայի Սենատի բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիմնականում թելադրված է Փարիզի և Անկարայի միջև առկա տարաձայնություններով, այն այդպես էլ որպես առաջարկություն կմնա Ֆրանսիայի կառավարության համար, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

«Որքան էլ դա կարող է պարադոքսալ թվալ, բայց ես կասկածներ ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, լիովին հասկանալով մեր ֆրանսիացի գործընկերների անկեղծ հույզերը, այլ նաև` Թուրքիայի»,- ասել է Կոսաչովը РИА Новости-ին:

Ըստ նրա` վերջին շաբաթների ընթացքում ֆրանս-թուրքական հարաբերությունները, մի շարք հանգամանքներից ելնելով, այդ թվում` ողբերգական, զրոյական մակարդակում հայտնվեցին, բանը հասավ վիրավորական բնույթի «հաճոյախոսությունների փոխանակմանն» ամենաբարձր մակարդակով:

«Ընդ որում, հայտնի է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այդուհանդերձ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվ այս իրավիճակում ֆրանսիական հասարակության մեջ հայամետ ավանդական համակրանքները գումարվեցին ֆրանսիացի քաղաքական գործիչների կուտակված դժգոհությանը Թուրքիայի պահվածքից միջազգային գործերում»,- կարծում է սենատորը:

Կոսաչովի կարծիքով` սենատի միաձայն դիրքորոշումը շատ առումներով «վկայությունն է այն բանի, որ Ֆրանսիան ոչ պակաս կտրուկ քայլերի է պատրաստ քաղաքականության մեջ», բայց դեռ ընդամենը վկայությունն է: «Որ որպես կառավարությանն առաջարկություն ընդունված այս նախաձեռնությունն այդպիսին էլ կմնա, դրանում կասկածներ չկան»,- ասել է խորհրդարանականը:

 «Միգուցե` ավելի լավ. ի վերջո, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է առաջին հերթին հայ-ադրբեջանական երկկողմ քաղաքական երկխոսության թեմա մնա` առանց վերջնագրերի և առանց ուժային սցենարների»,- եզրափակել է սենատորը:

 --00—ՄՀ