Կառավարությունն այլևս անզոր է այս ճգնաժամային պայմաններում ղեկավարել երկիրը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News  

հրապարակ

Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«ՀՀ Կառավարությունն այլևս անզոր է այս ճգնաժամային պայմաններում ղեկավարել երկիրը ու փաստացի մատնվել է անգործության։ Հարյուրավոր հրատապ կարգավորում պահանջող հարցերին լուծում տալու փոխարեն` կառավարությունը քննարկում է երկրորդական կարգի հարցեր (Օրինակ, Կոմիտասի փողոցում վերգետնյա անցում կառուցելու և այլն)։ Օր առաջ պետք է կազմավորվի ազգային համաձայնության խորհուրդ (կոմիտե, կառավարություն), կազմված փորձառու կրիզիս մենեջերներից, տնտեսագետ պրոֆեսիոնալներից, քաղաքական, պետական, ազգային գործիչներից։

Երկրում ստեղծված խառնաշփոթ, կոլապսային իրավիճակում, բազմաթիվ հրատապ լուծում պահանջող հարցերից մեկի, անհետ կորած զինվորների ու գերիների որոնողական աշխատանքների կազմակերպման հարցին լուծում տալու համար առաջարկում եմ։

Անհետ կորածների ու ենթադրյալ կամ հայտնի գերիների ծնողներից շատերը արդեն ամսից ավել չեն կարողանում իշխանություններից հստակ պատասխան ստանալ իրենց որդիների մասին։ Ընդամենը 2-3 օրերի ընթացքում կարելի է անհետ կորածների, գերիների ծնողների բողոքները ուղղորդել կառուցողական համատեղ որոնողական աշխատանքների։

Ընդամենը 2 օրվա ընթացքում յուրաքանչյուր անհետ կորածի ( գերիների), ծնողներին կցել մեկական իրավապահ մարմինների աշխատողի ( ՀՔԾ, ԱԱԾ, Ոստիկանության քննիչների, օպերատիվ աշխատողների), որոնք այսօր զբաղված են հարյուրավոր քրեական գործեր հարուցելով ցուցարարների, հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների վրա, ու հազարներով ապահովում են կառավարության, ԱԺ-ի, անձամբ վարչապետի, պաշտպանությունը։ Հանձնարարել նրանց ծնողների հետ միասին կազմել անձնական գործեր, (դոսյեներ), յուրաքանչյուր անհետ կարածի անունով, որը պետք է ընդգրկի անխտիր բոլոր տեղեկությունները (Անձնական տվյալները, նկարներ, քարտեզներ, տեղեկություններ վերջին հեռախոսազրույցների, ծառայակից ընկերների, թշնամու կողմից հրապարակված նկարներ և այլն)։ Այս բոլոր տվյալները պետք է մուտքագրվեն Հանրապետական շտաբի տեղեկատվական բաժնում, որից հետո որոնողական աշխատանքները պետք է շարունակվեն համատեղ ծնողների ու նրանց կցված իրավապահների հետ, դիմելով համապատասխան մասնագիտական կառույցներին(Կարմիր Խաչ, ՄԱԿ - ի Համապատասխան կառույցներ)։ Հանրապետական շտաբը մեկ օրվա ընթացքում, կարող է ըստ ծառայության վայրի, կամ պատերազմի ընթացքում գտնվելու վայրի խմբավորել ու ապահովել հարկ եղած դեպքում տվյալ խմբերի ուղևորությունը որոնողական աշխատանքներին մասնակցելու, բանակցություններ վարելու միջնորդական կազմակերպությունների և անհատների հետ։ Հանրապետական շտաբը պետք է համակարգի որոնողական աշխատանքները, հարկ եղած դեպքում ֆինանսավորի որոնողական աշխատանքների ընթացքում առաջացած ծախսերը։

Համոզված եմ, նմանատիպ համակարգված աշխատանքների դենքում, մենք կունենանք սպասվելիք արդյունքներ, իսկ անհետ կորած, գերի զինվորների հարազատները իշխանական դռները անպտուղ թակելու փոխարեն` ընդգրկված կլինեին արդյունավետ որոնողական աշխատանքների մեջ»։

--00—ՄՀ