Սովոր են արյունով իշխանության գալ. Փաշինյանը՝ Սոթքի միջադեպի և GPS-ով սահման գծելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: 

«Ուզում եմ ընդգծել, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

Եվ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Եւ ուզում եմ նաեւ իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու համար:

«Իմիջիայլոց, քաոսի տեսլականը տարածվում է նաեւ այս նպատակով, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար, եւ այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև, որը մինչև օրս, ի դեպ, նրանց չի հաջողվել անել»,-ասել է նա:

--00—ԼՄ