«Միշտ ասում էր՝ պարտավոր ենք հայրենիքը պահել»․ այսօր հերոսաբար զոհված Ռաֆիկի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Այսօր 2020թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ռաֆիկ Սիմոնյանի ծննդյան օրն է, նա կդառնար 26 տարեկան։

Ռաֆիկը բնակվում էր Մասիսում, կարատեի Հայաստանի չեմպիոն էր, պատերազմի երկրորդ օրը կամավոր գնացել է կռվի դաշտ։

«Սկզբում եղել է Սիսիանի շրջանում, ապա տարել են Ջաբրայիլ, հետո էլ Մարտունի։ Հենց Մարտունիում էլ, ցավոք, հերոսաբար զոհվել է»,-24News-ին պատմեց Ռաֆիկի եղբայրը՝ Վահե Սիմոնյանը։

Նա նշեց, որ եղբոր հետ խոսելիս միշտ ասել են՝ մի քանի օրով դիրքերից իջնի, հանգստանա, բայց Ռաֆիկը շարունակել է պաշտպանել հայրենի հողը ու 41 օր անդադար պատերազմել է։

«Գնալուց առաջ ասել է, որ պարտավոր ենք գնանք, պիտի մեր հայրենիքը պահենք։ Շատ լավ տրամադրությամբ գնացել է, 5 շաբաթից ավել չիջավ պոստերից։ Ցավոք, 42-րդ օրը զոհվեց»,-ասաց Վահեն ու ավելացրեց, որ Ռաֆիկը զոհվել է նոյեմբերի 7-ին, 11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա,  3-ը զոհվել են, մնացածը՝ վնասվածքներ ստացել։
Եղբայրը նաև պատմեց, որ Ռաֆիկի հետ տանեցիները վերջին անգամ խոսել են նրա զոհվելուց 1 ժամ առաջ։

«Աշխատանքի բերումով ես հաճախ չէի կարողանում խոսել Ռաֆիկի հետ, տանեցիների հետ էր կապի դուրս գալիս։ Անձամբ ես վերջին անգամ եղբորս հետ խոսել եմ հոկտեմբերի 13-ին ու «սքրինշոթ» եմ արել էկրանը»,-ամփոփելով խոսքն ասաց նա։

հասարակական
հասարակական
Սոնա Գևորգյան

--0--ԿԿ