Թո՛ղ քեզ բոլորը դավաճան ասեին, բայց Հայաստանի ապագան վտանգված չլիներ. Նորիկյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի վարչապետն այսօրվա իր գրառմամբ, ըստ էության, բացում է այս պատերազմի ամենակարևոր փակագիծը:

Եթե շատ հակիրճ բնութագրենք նրա ասածը, կստացվի այսպես. «Որպեսզի հայ ժողովուրդն ինձ դավաճան չանվաներ, ես չկանխեցի պատերազմը»:

Եթե, ինչպես Դուք եք ասում, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ապա ավելի տրամաբանական չէ՞ր լինի այդ տարածքների վերադարձը հաղթողի դիրքերից՝ հույս ունենալով Արցախն ամբողջությամբ պահել Հայաստանի հսկողության տակ ու ամենակարևորը՝ պահպանել այն որպես հավերժ հայկական:

Եթե Դուք չեք կանխել պատերազմը, ուրեմն հույս եք ունեցել, որ կհաղթե՞ք պատերազմում:

Բայց արդյո՞ք այս մտայնությունը չի հերքում Ձեր հիմնական պնդումը, որ մեր դեմ պատերազմում էր ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, որի մասին Դուք իմացել եք պատերազմից երեք ամիս առաջ ԶՈՒ ԳՇ պետի կողմից Ձեզ ներկայացված զեկուցագրով:

Այսինքն, Դուք չեք կանխել պատերազմը՝ հույս ունենալով, որ կհաղթե՞ք Թուրքիային:

Իսկ եթե այդպիսի հույս չեք ունեցել, կարո՞ղ ենք ենթադրել, որ ի սկզբանե պարզ է եղել, որ ներքաշվում ենք տանուլ տված պատերազմի մեջ:

Այո՛, համաձայն եմ, շատերը Ձեզ դավաճան կանվանեին, եթե Դուք գնայիք հարցի խաղաղ կարգավորմանը:

Բայց այստեղ էլ Դուք հակասության մեջ եք մտնում Ձեր ամբողջ քաղաքական կենսագրության հետ՝ հավակնելով ամբողջությամբ ջնջել այն:

Ձեր քաղաքական կենսագրությունն ամբողջությամբ կառուցված է Ձեր իսկ կողմից հռչակված այս բանաձևով. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես»:

Նիկո՛լ, Դու՛ լինեիր այդ մեկ մարդը, թո՛ղ քեզ բոլորը դավաճան ասեին, բայց Հայաստանի ապագան վտանգված չլիներ:

Դու պարտավո՛ր էիր հանրությանն ասել ճշմարտությունը, որ 20 տարի հայ ժողովրդին խաբել են, որ մենք չենք կարող հաղթել Թուրքիային, որ մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության:

Դու պարտավո՛ր էիր վերցնել այդ պատասխանատվությունը, ժողովուրդը քեզ տվե՛լ էր այդ մանդատը, և դու կարո՛ղ էիր ժողովրդին պատրաստել հարցի արժանապատիվ լուծմանը:

Դու կարո՛ղ էիր դառնալ խաղաղության Հայաստանի առաջնորդը, բայց գերադասեցիր լինել գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ և տանուլ տվեցիր:

Պարզվեց, որ այդ մեկ մարդը դու չես…»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս