Չկա ԼՂ կարգավիճակի ընտրություն՝ լինել անկա՞խ ԼՂ, թե՞ լինել Ադրբեջանի կազմում. Լիպարիտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ժիրայր

BBC-ին հոդված է հրապարակել ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի շրջանակում զրուցել է Հայկական դիվանագիտության վետերան, Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ: 

Ըստ նախկին պաշտոնյայի՝ եռակողմ հայտարարությունը կարող է ունենալ 2 մեկնաբանություն:

«Մեկը հոռետեսական է և, ամենայն հավանականությամբ, ճիշտ, բայց այն այնչափ հոռետեսական է, որ մարդկանց համար դժվար կլինի ընդունել այն: Կրակի դադարեցման մասին հայտարարությունն իրականում փակում է ԼՂ հարցը: Դա ուղղակիորեն չի ասվում, բայց հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Եվ դա ստորագրել է Փաշինյանը: Սա այլևս ոչ ոք չի փոխի»,-ասել է Լիպարիտյանը և կարծիք հայտնել, թե ադրբեջանցիները կվերադառնան ԼՂ, իսկ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի առավելագույն թվով վերադառնան:

«Մենք ևս ուզում ենք, որ մեր հայրենակիցները՝ Արցախի հայերը վերադառնան: Բայց նրանք պատրաստ կլինե՞ն վերադառնալ նման Լեռնային Ղարաբաղ: Իսկ եթե (ԼՂ հայերի) մասսայական վերադարձ չկա, ապա ԼՂ հետագա կարգավիճակի շուրջ քննարկումների անհրաժեշտություն էլ չկա: Մյուս կողմից, Ռուսաստանը մեծապես շահագրգռված է տեսնելու հնարավորինս շատ հայերի վերադարձը: Քանի որ եթե այնտեղ արցախցիներ չլինեն, ապա Ադրբեջանը կկարողանա (ռուս զինվորականներին) ասել՝ ի՞նչ եք անում այստեղ»,-ասել է Լիպարիտյանը, ապա նկատել, որ երբ նախագահ Պուտինը և մյուս համաշխարհային առաջնորդներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, դա չի նշանակում, որ ԼՂ անկախության ճանաչումը հնարավոր է: Ըստ Լիպարիտյանի՝ նրանք արդեն շատ պարզ ասել են, որ դա անհնար է. որ այն Ադրբեջանի մաս է, և չկա ԼՂ կարգավիճակի ընտրություն՝ լինել անկա՞խ ԼՂ, թե՞ լինել Ադրբեջանի կազմում:

«Հայտարարությունը պարզ հասկացնում է, որ ընտրության մասին այլևս խոսք չկա, եթե երբևէ նման ընտրություն եղել է: Բանակցությունները կարող են լինել երկու սցենարի շուրջ: Արդյո՞ք հայկական Ղարաբաղը կլինի Ադրբեջանի տարածքում աշխարհագրական, տարածքայնորեն սահմանված միավոր, թե՞ հայերը կստանան մշակութային ինքնավարություն, որի մասին խոսում է Իլհամ Ալիևը, և որը չի ենթադրում փոքրամասնության համար տարածքային իրավունքներ: Դա կնշանակի իրավիճակ, ինչպիսի Թուրքիայում կամ Իրանում հայերի իրավիճակն է, որտեղ որպես կրոնական փոքրամասնություն նրանք ունեն որոշակի ինքնավարություն՝ իրենց եկեղեցին, դպրոցները, գուցե թերթերը, հրատարակչությունները և հայոց լեզվի դասերը, բայց չունեն տարածք»,-ասել է Լիպարիտյանը և կարծիք հայտնել, որ բանակցություն չի լինի անկախության և Ադրբեջանի տարածքում լինելու միջև:

Առավել մանրամասն՝ BBC-ի հոդվածում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս