Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ю

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 1-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան համալիրից ոչ հեռու գտնվող ճանապարհին ռուսական դիվանագիտական առաքելության ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում է տեղի ունեցել: Տրանսպորտային միջոցում գտնվող ռուս դիվանագետները թեթև կոնտուզիա են ստացել: Նախնական գնահատականով՝ ահաբեկչության օբյեկտ պետք է դառնար դիվանագիտական մեքենայի առջևից շարժվող աֆղանական ազգային անվտանգության ուժերի պիկապը, սակայն չի կարելի բացառել նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչության վարկածը»,- ասված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն աֆղանական կողմից պահանջում է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել ռուսական հաստատության անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Քաբուլում ՌԴ դեսպանատունն իրականացնում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի և օբյեկտների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն:

--00--ԱՀ