Պետք է շտապ կազմակերպել գերիների ու զոհվածների մարմինների վերադարձի հարցը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու դրա հետևանքներին:

«Թուրքիայի ու Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների կողմից աջակցվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ինչպես ձեզ հայտնի է, ՌԴ միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը և պայմանավորվածություն ձեռք բերել իրավիճակի դեէսկալացման մասին: Արդեն ավելի քան երեք շաբաթ է` դադարեցվել են ռազմական գործողությունները, հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահներ, սակայն այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ: Դրանցից առաջինը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման հարցն է, զոհերի մարմինների փոխանակման և անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցը: Սրանք հարցեր են, որ ենթակա չեն հետաձգման»,- ասաց նա: 

Փաշինյանը նշեց` Հայաստանը պատրաստ է իր գործողություններն ակտիվացնել` այս գործընթացի արագացման և արդյունավետության բարձրացման համար, միևնույն ժամանակ ընդգծեց՝ պետք է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնության կիրառումը, նրանց արժանապատվության ստորացումը: Այսօր հրատապ երկրորդ խնդիրն, ըստ ՀՀ վարչապետի, արցախցիների վերադարձի պայմանների ապահովումն է, մարդիկ պետք է վստահ լինեն, որ անվտանգության մեջ են և կարող են ապրել իրենց հողում:

ՀՀ վարչապետն ընդգծեց նաև Ադրբեջանի զբաղեցրած տարածքներում մնացած հայկական հուշարձանների պահպանման, տրանսպորտային հաղորդակցման անվտանգության կարևորությունը:

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս