ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն Մարուքյանն է. ասվել է, որ տեղյակ պահեն 16 կուսակցություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նիկոլ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցությունների անունից մեզ իրազեկելու, որ իրենք որոշում են կայացրել, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկանծուն Վազգեն Մանուկյանն է և հարցնել, թե ինչ դիրքորոշում ունենք մենք այդ կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք այն հարցում, որ գործող վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժերի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։

Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։

Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։

Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։

Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժերին»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները ժամանակավոր վարչապետի համար որպես միասնական թեկնածուն են առաջադրել Հանրային խորհրդի նախկին ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին:

--00—ԼՄ