Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել, իսկ Լիբիայում՝ 468 վարձկան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

վարձկան

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Ադրբեջանի շարքերում կռվող սիրիացի վարձկանների վերաբերյալ:

«Սիրիա վերադարձած գրոհայինները տարբեր չափի վարձավճարներ են ստացել: Ոմանց տվել են 3500 դոլար և 600 թուրքական լիրա, մյուս խմբին՝ 1000 դոլար և 1000 լիրա, ոմանք էլ երկու անգամ են վարձատրվել՝ ընդհանուր 5000 թուրքական լիրայի չափով»:

Կենտրոնի հաղորդմամբ բոլոր վարձկաններն էլ նշել են, որ ամբողջ գումարը չեն ստացել:

Սիրիական կենտրոնը տեղեկացնում է նաև, որ Արցախում սպանված սիրիացի վարձկանների թիվը գերազանցում է Լիբիայում սպանվածներին: Կենտրոնի տվյալներով՝ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել: Իսկ Լիբիայում նրանց թիվը կազմել է 468:

Հաղորդվում է նաև, որ թուրքամետ ուժերի անդամ 825 գրոհայիններ դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Ընդհանուր առմամբ, թուրքական կառավարության աջակցությամբ Ադրբեջան էր տեղափոխվել 2580 սիրիացի վարձկան: 

--00--ԱՀ