Հայկական կողմն ամեն ինչ անում է գերիների փոխանակման գործընթացն արագացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաեւ այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ:  Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին եւ թվայնացմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Թրեյսին ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի  փոխադարձ բարեկեցության առավել  մեծ հնարավորություններ։

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ եւ այս համատեքստում կարեւորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի աջակցությունը եւ դրա հետագա ընդլայնումը:

Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։

Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի մասին քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում։

--0--ԿԿ