Կարևոր անելիքներ կան մեր մարզի սահմանների պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ. Սանոսյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

խորհրդակցություն

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ քննարկելով մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցեր։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Գնել Սանոսյանը նախ մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Հենրիկ Մուրադյանին։

«Ձեզ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության Վարչապետի հոկտեմբերի 29-ի որոշմամբ Հենրիկ Մուրադյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Պարզապես, ելնելով պատերազմական իրավիճակից, նրան՝ աշխատակազմին ենք ներկայացնում այսօր։ Պարոն Մուրադյանը Արցախյան ազատամարտի մասնակիցներից է, որոշակի ավանդ ունի մեր երկրի բանակաշինության գործում, երկար տարիներ աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում, իսկ վերջին տարիներին վարել է ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվանից զբաղվում է Գեղարքունիքի մարզի եւ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպչական աշխատանքներով։ Այժմ էլ նա ընդգրկված է Գեղարքունիքի մարզի սահմանների կառուցման եւ ամրացման աշխատանքներում: Ուրախ ենք, որ Հենրիկ Մուրադյանը միանում է մեր աշխատանքային թիմին և ակնկալում ենք, որ հետագա անելիքներում նա կներդնի իր գիտելիքներն ու փորձը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հենրիկ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հույս հայտնեց, որ մարզպետարանի աշխատակազմի հետ կհաջողվի իրականացնել համակարգված ու համագործակցված աշխատանք։

«Շատ կարեւոր անելիքներ ունենք մեր մարզի սահմանների պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ։ Այժմ ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում սահմանային նոր բնագծերում, աշխատում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր զինծառայողների համար, իսկ ՀՀ ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հետ համատեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հայրենիքի անդորրն ու անվտանգությունը: Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը կստացվի նաեւ մարզի կենսագործունեության մյուս ոլորտներում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը։

Այնուհետ մարզպետ Գնել Սանոսյանն իր նոր պաշտոնում շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի արդեն նախկին տեղակալ և արդեն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, ով լրացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր տեղը։ «Նարեկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է աշխատել երկուսուկես տարի՝ որոշակի ավանդ ունենալով մարզի կենսագործունեության ապահովման, կառավարման համակարգում առանձին գործառույթների իրականացման ուղղությամբ։ Հույս ունենք, որ կառավարման փորձը նա արդյունավետ կօգտագործի արդեն մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում»,-ասաց մարզպետը։

«Շնորհակալ եմ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար։ Այդ ընթացքում մենք լուծում ենք տվել մի շարք խնդիրների, ունեցել ձեռքբերումներ։ Կարծում եմ, որ աշխատանքի բերումով էլ կշարունակվեն մեր կապերը, մենք դեռ կունենանք համատեղ անելիքներ ու ծրագրեր»,-վստահեցրեց Նարեկ Գրիգորյանը։

Մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող տնտեսական ու քաղաքական զարգացումներին, մարզպետարանի առաջնահերթ անելիքներին։

«Նախ ուզում եմ շնորհալակություն հայտնել մարզպետարանի աշխատակազմին, որի անդամները պատերազմի ողջ ընթացքում ամենատարբեր աշխատանքներում ունեցան իրենց ակտիվ մասնակցությունը: Ընդհանրապես, Գեղարքունիքի մարզը պատերազմական ծանր ժամանակահատվածում ցուցաբերել է պատրաստակամություն և դրսևորել բարձր պատասխանատվություն, որի մասին խոսում են նաև Արցախում: Այս օրերին Արցախում ընթանում են կոմունիկացիաների, բնակավայրերի ու բնակարանների վերականգման լայնածավալ աշխատանքներ, որտեղ զգացվում է մեծ թվով շինարարների կարիք։ Հարկավոր է մեր մարզից կազմակերպել մասնագետ շինարարների ներգրավումն այդ աշխատանքներում, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ շատերն ունեն աշխատանքի կարիք, այդ թվում՝ մեր մարզում ապաստան գտած արցախցի տղամարդիկ։

Օգտվելով առիթից՝ հորդորում եմ բոլորիդ՝ զերծ մնալ մեր երկրում քաղաքական իրավիճակը լարող քայլերից եւ միայն լծվել ջանադիր աշխատանքի՝ մեր հայրենիքն այս ծանր վիճակից դուրս բերելու եւ պատերազմի հասցրած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար»,-կոչ արեց մարզպետ Գնել Սանոսյանը։

--00--ԱԹ