2017-ին ձեռք էին բերվել սարքեր, որոնցով պիտի օդը փակվեր, պարզվեց՝ չեն աշխատում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձել է Կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին, մասնավորապես՝ «օդը չփակելուն»:

«Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն. թե մենք եկանք եւ 2 տարվա մեջ բանակը քանդեցինք: Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ օդը չփակեցիք, կամ ինչո՞ւ օդը փակ չէր: Օդը չակերտավոր փակ էր, պարոնայք եւ տիկնայք, որովհետեւ 2017 թվականին հայոց բանակի համար 42 միլիոն դոլարով, 42 միլիոն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր: Բայց՝ ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես։ Չեն աշխատում ուղղակի: Բայց գնվել են 42 միլիոն դոլարով:

Այս գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում. ասում է՝ Սու 30-ների համար ինձ ժամանակին ատկատ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց չաշխատող սարքերը առանց ատկատի եք գնե՞լ: Էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքը, 42 միլիոն դոլարով, գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում:

Եւ այս փաստից ուշադրություն շեղելու համար արդեն մի քանի ամիս թեմա են դարձրել ՕՍԱ-ԱԿ համակարգերի գնումը մեր կողմից, իբր դրանք անարդյունավետ զենք են: Նախ՝ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, երկրորդը՝ դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում, իսրայելական «Հերմես-900» անօդաչու թռչող սարքը, որը խոցվել է հուլիսին Տավուշում՝ առաջին անգամ, եւ որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, ահա այդ խոցումը տեղի է ունեցել ՕՍԱ-ԱԿ համակարգով:

Հիմա մեր առաջ հարց են դնում. ասում են՝ ինչո՞ւ չեք գնել սա բանակի համար, ինչո՞ւ չեք նա գնել բանակի համար: 2.5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք: 2.5 տարվա ընթացքում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորի կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, այո, ինքնաթիռներ գնեինք: Այո՝ մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պիտի գնվեր ու չէր գնվել: 2 տարվա ընթացքում մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ 20 տարվա ընթացքում պետք է գնվեր ու չէր գնվել։ Լավ, մենք 2 տարվա մեջ 20 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18, 20 տարվա մեջ ինչու՞ չեք գնել: Էդ ինչպե՞ս է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարեւոր եք համարել, քան 2.5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը: Որովհետեւ մտածել եք, որ օդանավի զուգարանի դուռը փակելիս որ գրվում է օքուփայդ, ուրեմն ամեն ինչ լա՞վ է լինելու:

Հիմա էլ ինչ-որ թեզ են դրել շրջանառության մեջ, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցել: 15 օր է՝ այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետեւ չկա նման որոշում: Հիմա երեւի այդպիսի ժամանակներ են, ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել:

Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, եւ այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել:

Լավ է, գոնե հիմա խոստովանում են, որ այդ պատերազմը հաջող ավարտելու շանս կար: Ինչո՞վ է կարեւոր. նրանով, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ չէր: Բայց ինչո՞ւ չեղավ հաջողություն: Ի՞նչ կապ ունեն այդ անհաջողության հետ այն վկայությունները, իմիջիայլոց, առաջնագծից եկած զինվորների վկայությունները, թե պատերազմի առաջին օրից ինչ-որ մարդիկ առաջնագծով լուրեր են տարածել, թե հողերը ծախած են, թե Նիկոլը հողերը ծախած է, կռիվն անիմաստ է: Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ ամիսներ առաջ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում: Էդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի եւ ներքաղաքական անակնկալների շուրջ։ Դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են:

Իսկ գլոբալ առումով, ի վերջո, ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն: Որտեղ՝ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը, ու պետության դիմակայունության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել է շվեյցարական բանկեր:

Ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել: Դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, եւ այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու դիմադրում է: Ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային: Ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում: Իմիջիայլոց, այդպիսի վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, այդ էմոցիաների տակ։ Ինչո՞ւ։ Որ շատ բաներ, որ շատ ճշմարտություններ չբացահայտվեն այս պատերազմի մասին։ Բայց այդ ճշմարտությունները չեն կարող չբացահայտվել։

Ամեն դեպքում մեր անցած ճանապարհի ու անհաջողությունների պատմությունը պետք է մանրամասն վերլուծվի: Եւ դա պետք է տեղի ունենա առանց մանիպուլյացիաների: Ու եթե ուզում ենք արդյունավետ տեղի ունենա, պետք է տեղի ունենա հանդարտության, հանդարտ, աշխատանքային պայմաններում։ Այս աշխատանքը անպայման կկատարվի, բայց իրական վերլուծության համար հանդարտություն է պետք, իսկ այսօր բոլորս ալեկոծված ենք»,- նշել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս