Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա․ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News    

Արցախ

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են՝ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր ստուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ֆիլտրային կայաններ:

Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ տեղում ստուգվել է ջրի որակը և հերքվել որակին առնչվող բնակչության մտահոգությունները:

Ոլորտի մասնագետները ջրի քիմիական հետազոտությունը կատարում են ժամը մեկ: Կատարվում է ջերմաչափում, որոշվում ջրի համն ու հոտը, նիտրիտը, ամոնիակը և պղտորությունը:

Իսկ բակտերիալ լաբորատորիայում կատարվում է տարբեր գոտիների օրվա կարգավորիչ ջրամբարներից եկող ջրերի ստուգում: Հետազոտությունների արդյունքները պարզ են լինում մեկ օրվա ընթացքում։

Այսպես, Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա: Լինելու դեպքում կկատարվեն կանխարգելիչ միջոցառումներ, և կարվի համապատասխան հայտարարություն:

--00—ՄՀ