Ռազմագերիների փոխանակումը մեզ համար կարևոր նշանակություն ունի․ դա մեր օրակարգային խնդիրն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Մոսկվայում այսօր տեղի է ունենում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարը, ողջունելով Այվազյանին, նշեց՝ ուրախ է, որ ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարն իր առաջին օտարերկրյա այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն: Լավրովը նաև Սպիտակի երկրաշարժի մասին հիշատակեց, ասաց՝ հիշում են, թե Խորհրդային միությունում ինչպիսին էր արձագանքը, հույս հայտնեց, որ այսօր նմանատիպ բնական կատակլիզմների դեպքում օգնելու պատրաստակամությունը առավել մեծ կլինի:

«Մարդու գործունեության հետ կապված կատակլիզմներն առավել հաճախադեպ են, մենք դեռ նոր ենք ավարտում Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժ փուլը»,- նկատեց նա:

Լավրովը կարևորեց ԼՂ-ում կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումը, խոսեց ռուս խաղաղապահների գործունեության մասին, հայտնեց՝ ՌԴ-ն աջակցության նպատակով լրացուցիչ միանվագ ներդրում է կատարել Կարմիր խաչի բյուջե:

«Մենք խրախուսում ենք միջազգային հանրության այն ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության ապահովմանը: Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի»,- ասաց նա:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ ռուս խաղաղապահների օգնությամբ կփորձեն ռազմագերիների փոխանակման հարցին հնարավորինս արագ լուծում տալ, գիտեն, թե որքան ցավոտ հարց է դա ժողովրդի համար, զոհվածների մարմինների փոխանակումն, ըստ Լավրովի, նույնպես խնդրի հուզական հատվածներից է: Նա տեղեկացրեց, որ այսօր իրենք ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկելու են եռակողմ համաձայնագրի դրույթների իրականացմանը վերաբերող, նաև երկկողմ ու միջազգային օրակարգի հարցեր:

--0--ԿԿ