Փաշինյանն այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում՝ բացի մեկից․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ է հրապարակել ԱԺ փոխխոսնակ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: 

Նա, մասնավորապես, գրել է.

«Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում՝ բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը, չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:

Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում:

Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:

Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով:

Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:

Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:

Որովհետև մեր երկրում շատ են արժանապատիվ և մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»: