Սիրելի քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդություններ անելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ազդարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռանալու համար տրված ժամանակը սպառվելու մասին:

«Արդեն ժամը 12:08 րոպե է, և Նիկոլ Փաշինյանը հրաժարականը չի տվել: Հետևաբար, այս պահից սկսած՝ մինչև 17:00-ն ՀՀ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ, անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:

Դիմում եմ բոլոր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողություններն անեն օրենքի սահմանում, չտրվեն սադրանքի:

Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովելու ՀՀ քաղաքավցիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, և երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները:

«Նիկո՛լ, միևնույն է, դու հեռանալու ես, հեռացի՛ր անցնցում, գոնե այս անգամ խնայի՛ր մեր ժողովրդին, պետականությունը, գնա՛ անցնցում, մի՛ խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»,-ասել է Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաք էին արել Ազատության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Իրենց պահանջը կատարելու համար քաղաքական ուժերը ժամկետ էին սահմանել, այն է՝ դեպտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն:

--0--ԿԿ