Վարդենիս-Սոթք հատվածում տրակտորը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

11

Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել գծանցներում վարորդների անպատասխանատու վարքագծին: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, ինչը իրական սպառնալիք է ինչպես գնացքների, բեռների անվտանգությանը, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջությանը:

Հերթական նման ՃՏՊ-ն տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, ժամը 14:20-ին Վարդենիս-Սոթք երկաթուղային հատվածում գտնվող չպահպանվող գծանցում:

Դեռևս չպարզված պատճառներով գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Տրակտորի վարորդը հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները ներկայումս պարզում է Ճանապարհային ոստիկանությունը:

Նշենք, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները:

Բեռնատար գնացքի էլեկտրաքարշն էական վնաս է կրել: Մասնավորապես վնասվել են լոկոմոտիվի դեմի մասն ու մեքենավարի խցիկը, լուսարձակը, վագոնների ավտոմատիկ շղթայակցման բռնակը:

Վթարի պատճառով գնացքների շարժը դադարեցված էր մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 17:30:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

--00—ԼՄ