Արա Այվազյանը Ֆրանկոֆոնիայի քարտուղարին ներկայացրել է Արցախի հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է  Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid-19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:

Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունն է  հրավիրել պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։

Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։

--00—ԼՄ